Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քհն․ Բաղալյանը գրում է․ «Քաղաքական քարոզչության մեջ երբեմն լինում են պահեր, երբ սուտը գոնե փորձում է մի քիչ կոկիկ երևալ, մի քիչ համոզիչ, մի քիչ լուրջ։ Բայց լինում են նաև դեպքեր, երբ սուտը աղաղակում է առանց ամաչելու, առանց փաստերի, առանց տրամաբանության՝ ուղիղ ամբիոնից, լկտի վստահությամբ և քարոզչական ինքնահիացմամբ։
Վահագն Ալեքսանյանի «բացահայտումը» հենց այդ ժանրից է։ Նոր չէ, որ սույն անձը և ՔՊ-ական որոշներ հայտարարում են, թե 2021 թվականին Մայր Աթոռում «Հայաստան» դաշինքի լոգոներ են եղել փակցված, հետևաբար՝ ըստ նրանց քաղաքական երևակայության՝ Մայր Աթոռը դարձել է դաշինքի ենթաշտաբ։
Ահա այսքան պարզ է ՔՊ-ական տրամաբանության ինժեներիան․ եթե ինչ-որ լուսանկարում ինչ-որ տեղ երևում է ինչ-որ անձի համակարգչի ետնամասում փակցված ինչ-որ նշան, ուրեմն Սուրբ Էջմիածինը կուսակցության շտաբ է։ Այդ տրամաբանությամբ կարելի է վաղը հայտարարել, որ եթե որևէ մեկի հեռախոսի պատյանին խաչ կա, ուրեմն տվյալ բջջային օպերատորը դարձել է եկեղեցական կառույց։ Կամ եթե որևէ պաշտոնյայի սեղանին Աստվածաշունչ կա, ապա կառավարությունը դարձել է եկեղեցի։ Սա այլևս քաղաքական վերլուծություն չէ, սա սթիքերաբանություն է։
Եվ հենց այստեղ է խնդիրը։ ՔՊ-ի հակաեկեղեցական քարոզարշավը կառուցվում է ոչ թե փաստերի, այլ երևակայական պատկերների մանիպուլյացիայի վրա։ Վերցնում են մի կադր, պոկում են համատեքստից, տալիս են իրենց պետք եղած վերնագիրը, հետո այդ վերնագիրը դարձնում են մեղադրանք, մեղադրանքը՝ քարոզարշավ, քարոզարշավը՝ պետական դիրքորոշում։
Սուտը ծնվում է, տարածվում է, մեջբերվում է, սուտը կրկնվում է, հետո նույն սուտը վերադառնում է որպես «ապացույց»։ Քաղաքական կեղծիքի լիարժեք էկոհամակարգ՝ իր արտադրամասով, իր վաճառքով, իր աղմկարարներով և իր հերթապահ մեկնաբաններով։
Ամեն դեպքում շատերի մոտ հարց է առաջանում՝ Մայր Աթոռում եղե՞լ են «Հայաստան» դաշինքի լոգոներ։ Ո՛չ։ Կա՞ փաստ, որ Սուրբ Էջմիածինը գործել է որպես որևէ կուսակցության կամ դաշինքի շտաբ։ Ո՛չ։ Իսկ ի՞նչ կա։ Կա ինչ-որ մեկի անձնական համակարգչի ետնամասի վրա երևացող նշան, որը որոշվել է քաղաքական քարոզչական խոշորացույցով մեծացնել այնքան, մինչև այն դարձվի «համազգային դավադրություն»։
Սա նույնն է, ինչ ավազի հատիկը ներկայացնել որպես Արարատ լեռ (իշխանականները գուցե Արագածը այստեղ կհիշեն), հետո էլ լրջորեն քննարկել, թե ինչու է Արարատը հայտնվել սենյակում։
Ամենազավեշտալին այն է, որ այս ամենը ներկայացվում է «Եկեղեցու քաղաքականացման» մեղադրանքով։ Այսինքն՝ քաղաքական ուժի ներկայացուցիչը իր իսկ կուսակցական շահի համար, քաղաքական մեղադրանք է հորինում Եկեղեցու դեմ, հետո նույն Եկեղեցուն մեղադրում է քաղաքականությամբ զբաղվելու մեջ։ Այստեղ արդեն սարկազմն անզոր է։
Եկեղեցին չի դառնում կուսակցության շտաբ այն պատճառով, որ ինչ-որ անհատի անձնական իրի վրա կարող է երևալ որևէ նշան։ Մայր Աթոռը չի դառնում դաշինքի շտաբ քաղաքական գործչի երևակայության արդյուքնում։ Սուրբ Էջմիածնի պատմությունը չի ջնջվում մի կիսապատգամավորի կարճ հիշողությամբ, և Հայ Եկեղեցու առաքելությունը չի նսեմանում կադրերի մոնտաժով։
Իրականում այս մեղադրանքը ոչ թե բացահայտում է Մայր Աթոռի քաղաքականացումը, այլ բացահայտում է իշխանական քարոզչության աղքատությունը։ Երբ փաստ չունես, սթիքերն էլ է դառնում «հանցանշան»։ Երբ ապացույց չունես, համակարգչի ետնամասն էլ է դառնում «շտաբ»։
Եվ սա արդեն մեկ պատգամավորի վրիպում չէ։ Սա մեթոդ է։ Սա իշխանական քարոզչության գործելաոճն է՝ կեղծիքը հռչակել փաստ, փաստի բացակայությունը լրացնել վայրահաչությամբ, իսկ հերքումը ներկայացնել որպես «խուսափում»։ Մի խոսքով՝ նախ սուտը պատրաստել, հետո ժողովրդին հրավիրել այդ սուտի շուրջ «հասարակական քննարկման»։
Բայց կա մի բան, որ մոռանում են այս քարոզիչները։ Սուրբ Էջմիածինը դարերի վկայություն ունի, իսկ այսօրվա կեղծիքները՝ ընդամենը մի քանի ժամվա ֆեյսբուքյան կյանք։ Սուրբ Էջմիածինը տեսել է կայսրություններ, բռնակալություններ, հալածանքներ, գաղափարախոսություններ, անցողիկ իշխանություններ։ Եվ, վստահ եղեք, կդիմանա նաև համակարգչի սթիքերից «ենթաշտաբ» կառուցող այս քարոզչական ճարտարապետությանը։
Ուրեմն հարցը Ալեքսանյանի ասածը չէ միայն։ Հարցն այն է, թե ինչպիսի քաղաքական մշակույթ է ձևավորվել, երբ երկրի տարբեր բարձր ամբիոններից կարելի է առանց ամաչելու հնչեցնել մեղադրանք, որի ծանրությունը չի անցնում մի պարզ համակարգչի ծանրությունից»։