Շոյգուն հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությունը «պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրից»

Քաղաքականություն

26.05.2026 | 12:50

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստում հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությունը, իբր, «պաշտպանություն է փնտրում անմիջապես սպառնալիքի աղբյուրից, բայց դա նրանց ընտրությունն ու պատասխանատվությունն է», գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ափսոս, որ մեր հայ գործընկերները չեն հասկանում սա և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ։ Բայց սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը երկրի և ժողովրդի ապագայի համար»,- ասել է Շոյգուն։

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ի համար հիմնական սպառնալիքը գալիս է ՆԱՏՕ-ից և դաշինքի «այսպես կոչված քաղաքակիրթ Եվրոպայի» երկրներից։ ՀԱՊԿ-ն համարժեքորեն գնահատում է արևմտյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական և հետախուզական ուժերի կուտակման հետևանքով առաջացող անվտանգության ռիսկերը, հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։

«Մենք ադեկվատ գնահատում ենք ՆԱՏՕ-ի զորավարժությունների թվի, ռազմական ներուժի, ենթակառուցվածքների և հետախուզական գործունեության համակարգված աճի ռիսկերը կոլեկտիվ անվտանգության արևմտյան տարածաշրջանում և միջոցներ ենք ձեռնարկում դրանք նվազագույնի հասցնելու համար»,- հայտարարել է Շոյգուն։

Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, չի մասնակցում կազմակերպության միջոցառումներին։

Ավելի վաղ էլ Շոյգուն հայտարարել էր, թե «Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment