Պետքարտուղար Ռուբիոյի ՀՀ այցին ընդառաջ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ազատ արձակել պատանդներին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցին ընդառաջ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների շարունակական ամրապնդումը և երկու երկրների միջև բարձր մակարդակի կայուն փոխգործակցությունը։ Միևնույն ժամանակ, Համագումարը խորապես մտահոգված է մնում Բաքվի կողմից Ադրբեջանում անօրինական կերպով բանտարկված բոլոր քրիստոնյա հայ պատանդներին ազատ արձակելու շարունակական մերժմամբ ու նրանց անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակելու կոչ է անում։

Ինչպես նախկինում հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը. «120,000 քրիստոնյաներ սարսափելիորեն հալածվել և բռնի տեղահանվել էին Արցախում»։ Նախագահ Թրամփը նաև խոստացավ «պաշտպանել հալածվող քրիստոնյաներին» և Սպիտակ տանը «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման» վերաբերյալ հանդիպման ժամանակ հանձն առավ անմիջապես նախագահ Ալիևի հետ քննարկել պատանդ պահվող քրիստոնյա հայերի ազատ արձակման հարցը։ Համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգներին այս պարտավորությունները վերածել հստակ, չափելի գործողությունների։

Մինչ Միացյալ Նահանգները և Հայաստանը շարունակում են համատեղ աշխատել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ԹՐԻՓՓ-ի առաջխաղացման վրա, ինչպես նաև մի շարք հիմնական ոլորտներում փոխըմբռնման հուշագրերի (MOU) հետ մեկտեղ, Համագումարը վերահաստատում է Հայաստանի անվտանգության ենթակառուցվածքների ամրապնդման և արցախահայության շարունակական մարդասիրական կարիքների բավարարման կարևորությունը։ Սա ներառում է աջակցություն իրենց պապենական հայրենիք վերադառնալու իրավունքին՝ անվտանգության, ժողովրդավարական իրավունքների նշանակալի երաշխիքներով և հայկական մշակութային ժառանգության ու կրոնական վայրերի լիարժեք պաշտպանություն։

Ամերիկայի հայկական համագումարը կշարունակի իր աշխատանքը՝ առաջ մղելու իրական անվտանգությունը, արդարությունը և այնպիսի ապագա, որում հայ ժողովուրդը կապրի ազատության և արժանապատվության պայմաններում՝ իր նախնիների հայրենիքում։

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment