Չինական Huawei Technologies ընկերությունը հայտարարել է, որ գտել է լուծում, որը թույլ կտա մինչև 2031 թվականը արտադրել չիպեր, որոնք համադրելի կլինեն Intel Corporation-ի և այլ առաջատար համաշխարհային ընկերությունների ամենաժամանակակից պրոդուկտների հետ։
Huawei-ը հույս ունի, որ նոր մոտեցումը թույլ կտա արտադրել ավելի առաջադեմ չիպեր՝ առանց այն եզակի սարքավորումների օգտագործման, որոնցով աշխատում են իր մրցակիցները և որոնց հասանելիությունը նրա համար փակվել է ԱՄՆ իշխանությունների կողմից։ Ընկերությունը պնդում է, որ մինչև 2031 թվականը կկարողանա արտադրել բարձր արտադրողականությամբ չիպեր՝ տրանզիստորների խտությամբ, որը համարժեք է 1.4 նանոմետր տեխնոլոգիական գործընթացին։
Intel Corporation-ը, Taiwan Semiconductor Manufacturing Company-ն և Samsung Electronics-ը նախատեսում են առաջիկա տարիներին սկսել նման չիպերի զանգվածային արտադրությունը՝ օգտագործելով հոլանդական ASML ընկերության մասնագիտացված սարքավորումները։
Եթե Huawei-ին իսկապես հաջողվի կազմակերպել ամենաառաջադեմ չիպերի զանգվածային արտադրություն, դա կվերացնի ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիական մրցակցության մեջ Չինաստանի հիմնական խոչընդոտներից մեկը, գրում է The Wall Street Journal-ը։ Բացի այդ, Huawei-ի չիպերի արտադրությունը կարող է ավելի էժան լինել, քան մրցակիցներինը։
«Կստանա՞ արդյոք Huawei-ը դրա շնորհիվ ակնհայտ առավելություն՝ դեռ հայտնի չէ, բայց սա առնվազն զարգացման այլընտրանքային ուղի է՝ բեկում, որին ընկերությանը հաջողվել է հասնել մատակարարման շղթաներում առկա խնդիրների պայմաններում»։
Huawei-ը գտնվում է ԱՄՆ իշխանությունների «սև ցուցակում» 2019 թվականից, իսկ 2025 թվականից ընկերության համար փակվել է հասանելիությունը առաջադեմ կիսահաղորդչային տեխնոլոգիաներին։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։