«Աննախադեպն» աննախադեպ չի

Ընտրարշավի ժամանակ այս իշխանության համար ամեն ինչ «պատմական է» եւ «դարակազմիկ»: Օրինակ, Թուրքիայի «խորհրդանշական ժեստը»՝ Կարս – Ախալքալաք երկաթուղու վերաբերյալ, որն անտեղյակների համար ներկայացվում է որպես «ապաշրջափակում»: Կամ Հայաստանի կողմից այլ երկրներին զենք վաճառելը, որի մասին ասվում է՝ իբր «առաջին անգամ»: Իրականում առաջին անգամ չէ:

Կամ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը` գործընթաց, որը սկսվել է 2017 թվականին՝ իբր «ռուսամետ» իշխանության օրոք: Փոխանակ իրենց իշխանության օրոք այդ ուղղությամբ արդյունավետ քայլեր անեին, հիմա խոստանում են, որ ամենաուշը երկու տարուց վիզաների ազատականացումը տեղի է ունենալու: 8 տարում չարեցին, 2 տարում իբր կանեն: Իրականում դրա համար քաղաքական խոչընդոտներ չկան (եւ չեն եղել), բայց շոշափելի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է կառավարության տարբեր մարմինների հստակ ու մանրակրկիտ աշխատանք, որն այս իշխանությունից սպասելի չէ: Բայց իդեալական դեպքում անգամ, դա կտեւի 4-5 տարի:

Հիմա էլ Հայաստան է գալիս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նա գալիս է, բնականաբար, Փաշինյանին նախընտրական աջակցություն հայտնելու, բայց անկախ դրանից՝ ես դա դրական փաստ եմ համարում: Հոգու խորքում հույս ունեմ, որ նա, նույն աջակցության շրջանակներում, Հայաստան կբերի Բաքվի ռեժիմի մի քանի հայ պատանդի: Երբ այս խմբագրականը հրապարակվի, հուսամ, այդ բարի լուրն արդեն հայտնի կդառնա:

Բայց, վստահ եմ, որ ՀՀ ներկայիս իշխանությունը խաբելու է՝ ասելով, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը «աննախադեպ է» եւ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է»: Հաշվարկն, իհարկե, դարձյալ տգետների, անտեղյակների վրա է:

Ջեյմս Բեյքերը 1992-ի փետրվարի 12-ին. Հայաստան

Համենայնդեպս, հիշեցնեմ, որ 1992 թվականին մեր երկիր էր այցելել Ջեյմս Բեյքերը, իսկ 2010 եւ 2012 թվականներին՝ Հիլարի Քլինթոնը՝ երկուսն էլ իրենց այցելության ժամանակ զբաղեցնում էին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը:

Հիլարի Քլինթոնը 2012-ի հունիսին. Հայաստան

Իսկ 2001 թվականին Հայաստան էր այցելել ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը:

Դոնալդ Հ. Ռամսֆելդը 2001 թվականի դեկտեմբերի 15-ին. Հայաստան

Դա հիշեցնում եմ նաեւ նրա համար, որ մեր քաղաքացիները հասկանան՝ ԱՄՆ – ի հետ լավ հարաբերությունները խիստ ցանկալի են մեզ համար, բայց ոչ՝ Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական քայլերի գնով:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment