2026թ․ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններում գրանցված «Ալյանս» կուսակցությունը հրաժարվում է ընտրապայքարից։ Կուսակցությունը ինքնաբացարկի մասին համապատասխան դիմում է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մայիսի 26-ին կայացած արտահերթ նիստում հարցը ներկայացրեց ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը։
Ըստ Կարապետյանի, «Ալյանս» կուսակցությունը դիմումին կից ներկայացրել է վարչության նիստի արձանագրությունից քաղվածք, ինչը սահմանված կարգով է ու առաջարկեց «Ալյանս» առաջադիմական, ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը չեղարկել։ ԿԸՀ-ն միաձայն հաստատեց որոշումը։ Ընտրացուցակում պատգամավորի 83 թեկնածու էր ընդգրկված։
Նշենք, որ կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ անցողիկ շեմը հաղթահարելու շանսեր չունեն եւ պայքարից հրաժարվելով՝ իրենք ապացուցում են իրենց «իրական, արտահամակարգային ընդդիմադիր լինելը»։
ԿԸՀ նիստի օրակարգի հաջորդ հարցը ներկայացրեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ցուցակի պատգամավորի թեկնածու Կոնստանտին Ղարիբյանը, նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Նա ցուցակում 14-րդն է։ ԿԸՀ-ն հաստատեց նաեւ ինքնաբացարկի դիմումը։
Այսպիսով, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 18 քաղաքական ուժ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: