«Իշխանությունը գնում է շատ վտանգավոր ճանապարհով. գնում է սադրանքների, ցնցումներ հրահրելու ճանապարհով». Իվետա Տոնոյան

«Իշխանությունը գնում է շատ վտանգավոր ճանապարհով. գնում է սադրանքների, ցնցումներ հրահրելու ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը որդեգրել է վախի, ատելության, անհանդուրժողականության մթնոլորտ գեներացնելու ճանապարհ։ Չի ստացվելու»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Վերջին ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը բացառապես հիմնված է անձնական բնույթի սպառնալիքների, ոչ բարեկիրթ խոսույթի, քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարներ տեսնելու ուղղությունների վրա»,- ամփոփելով նախընտրական քարոզարշավի անցած երկու շաբաթները՝ ասաց Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ թե Նիկոլ Փաշինյանի, թե ՔՊ-ի քարոզարշավում քաղաքական բանավեճի որևէ տարր չկա, սակայն ԲՀԿ-ն շարունակելու է իր կառուցողական ընթացքը, չի տրվելու իշխանության սադրանքներին։

Իվետա Տոնոյանի գնահատմամբ, այս ամբողջ ընթացքում պետական ու վարչական ռեսուրսը լծված է ընդամենը մեկ նպատակի՝ լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին։ Ակնհայտ ուղղորդված հաշվեհարդարի գործընթացներ են տեղի ունենում հատկապես ԲՀԿ-ի և մեր քաղաքական թիմի անդամների նկատմամբ, հարուցվում են տարատեսակ քրեական գործեր։

«Ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական բոլոր ուժերը քարոզարշավի այս հնարավորությունն օգտագործում են իրենց ասելիքները, անելիքները ներկայացնելու համար, սակայն ՔՊ-ն ու Փաշինյանը բացառապես քարոզարշավը տեղափոխել են սպառնալիքների, ոչ բարեկրթության դաշտ։ Անգամ այս խոսույթը տեղափոխվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անձնական սպառնալիքների, վիրավորանքների հնչեցման դաշտ, ընտանիքի անդամներին թիրախավորելու դաշտ։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ բացառապես պայմանավորված է Փաշինյանի ասելիքի բացակայությամբ»,- ասաց նա՝ հավելելով, վստահ է, որ հունիսի 7-ին իշխանությունների կողմից սանձազերծված այս «բեսպրեդելին» քաղաքացիները վերջ կդնեն։

Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հայց կներկայացնի Հանրային հեռուստաընկերության դեմ՝ երեկ հեռարձակված մի տեսանյութի համար, որը վերաբերվել է ԲՀԿ նախագահին, նրա ընտանիքին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment