Պետական գաղտնիք է․ ԱԱԾ-ն՝ Սամվել Կարապետյանին առնչվող փաստաթղթում ФСБ-ի վերաբերյալ նշման մասին

Քաղաքականություն

25.05.2026 | 19:50

ՀՀ Ազգային անվտագության ծառայությունից արձագանքել են Factor TV-ի հարցմանը, որը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր  ФСБ նշումին։

«ԱԱԾ-ն իր գործառույթներն իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ ապահովելով անձի, հասարակության և պետության անվտանգությունը, իսկ Ազգային անվտանգության մարմինների գործունեության և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններն ազգային անվտանգության ծառայությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի համաձայն դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր և ․․․չեն կարող տրամադրվել»,- նշվում է հարցման պատասխանում։

Հիշեցնենք, ըստ ռուսական The Insider պարբերականի հրապարակած փաստաթղթի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ՌԴ ՆԳՆ-ում առկա անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»։

ՌԴ ՆԳՆ օպերատիվ աշխատակիցը The Insider-ին պարզաբանել է՝ այդ նշումը նշանակում է, որ քաղաքացու ստուգման դեպքում անհրաժեշտ է նախ դիմել ФСБ։ Ըստ նույն աղբյուրի՝ սովորաբար այսպես նշվում են ФСБ-ի վերահսկողության տակ աշխատող օտարերկրացիները կամ ոչ հրապարակային տեղեկատուները։

Նշենք՝ մեկ այլ իրավիճակում ԱԱԾ-ն նմանատիպ տեղեկության հրապարակումը պետական գաղտնիք չէր համարել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող Civic.am կայքում հրապարակվել էր Ազգային անվտանգության ծառայությանը վերագրվող տեղեկություն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 1986-1988 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հետ։

ԱԱԾ-ից լրատվամիջոցին հայտնել էին նաև, որ «առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ»։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment