Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ օրը

Քաղաքականություն

05.02.2026 | 12:41

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ հանդիպման երկրորդ օրը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովը, որը գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք աշխատում ենք նույն ձևաչափով, ինչ երեկ՝ եռակողմ խորհրդակցություններ, խմբային աշխատանք և հետագա դիրքորոշումների սինքրոնիցում։ Արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ»,- գրել է նա տելեգրամում։

ՏԱՍՍ-ի աղբյուրն էլ հայտնել է, որ քննարկվում են տնտեսական, տարածքների հարցեր և հրադադարի մեխանիզմ։

Նախորդ օրը ԱՄՆ պաշտոնյան հայտարարել էր, որ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն արդյունավետ են եղել և կշարունակվեն առավոտյան, հաղորդում է Reuters-ը։

Երկրորդ անգամ է, որ եռակողմ բանակցություններն անցկացվում են Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 23-24-ին։ Երկրորդ փուլը սկզբում նախատեսված էր փետրվարի 1-ին, սակայն հետաձգվել էր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment