Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է կրթության որակին, պետական կառավարման համակարգը օտարերկրյա բուհերում սովորած կադրերով համալրելու հարցին, ԵՊՀ գիտնականների աշխատավարձերին, միջազգային վարկանիշներին և «Ակադեմիական քաղաք» նախագծին։
Անդրադառնալով վարչապետի՝ արտերկրում սովորած մասնագետներին ուղղված կոչին, որպեսզի դիմեն կառավարության կադրային բանկը համալրելու նպատակով, ԵՊՀ ռեկտորը նշեց, որ պետական մարմինների աշխատակիցների ճնշող մեծամասնությունը հայաստանյան բուհերի, մասնավորապես ԵՊՀ շրջանավարտներ են։ Այնուամենայնիվ, նա ողջունում է դրսի փորձի ներդրումը.
«Թարմ ուժերով համալրելը, նոր մարդկանցով համալրելը շատ կարեւոր է, և ես ձեզ պետք է ասեմ, որ այդ մարդկանցից շատերը, ովքեր գնացել են արտերկրում ուսանելու, նրանք ևս Երեւանի պետական համալսարանի շրջանավարտ են, գնացել են իրենց գիտելիքները հարստացնելու»։
Որպես օրինակ՝ Հովհաննիսյանը նշեց ԱՄՆ-ում ՆԱՍԱ-ի (NASA) կենտրոնում իր հանդիպումները.
«Այնտեղ աշխատում է մոտավորապես 4000 հոգի, որոնցից 200-ը հայեր են, մի քանիսին՝ ում հանդիպեցի, ավարտել են Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը և այսօր աշխատում են աշխարհի ամենահեղինակավոր գիտակրթական կենտրոններից մեկում»։
Խոսելով համալսարանի դասախոսների և գիտաշխատողների աշխատավարձերից՝ ռեկտորն ընդգծեց, որ ոլորտում լուրջ ֆինանսական դրական տեղաշարժ կա. «Այսօր մենք ունենք աշխատակիցներ, ովքեր ավելի լավ են վարձատրվում, քան արևելյան Եվրոպայի բուհերում աշխատողները: Մենք ունենք ֆիզիկոսներ, որոնցից մեկն ինձ վերջերս ասում է, որ ինքը տարիներ շարունակ աշխատել է Չեխիայի հետ, միշտ նախանձել է իրենց աշխատավարձին։ Եվ հիմա եկել է ժամանակը, որ ասում է՝ իրենք են նախանձում իր աշխատավարձին»։
Ըստ ռեկտորի՝ դա պայմանավորված է թե՛ պետության կողմից բազային աշխատավարձերի աճով, թե՛ բուհի ներքին խրախուսման համակարգով: «Վերջին շրջանում կառավարությունը երեքից չորս անգամ բարձրացրել է գիտաշխատողների բազային աշխատավարձերը»,- նշեց նա՝ հավելելով, որ գործում է նաև հոդվածների տպագրության համար բոնուսային համակարգ.
«Եթե դու հրատարակեցիր մի հոդված միջազգային հեղինակավոր ամսագրում… Q1-ում եթե հրատարակեցիր՝ 440,000 աշխատավարձից զատ դու գումար ես ստանում, պարգևատրում։ Մենք մարդիկ ունենք, ովքեր կիսամյակում 1.6 միլիոն միայն ստանում են հոդվածների հրատարակումից»։
Հովհաննիսյանը նաև նշեց, որ աշխատավարձերի ցուցանիշով ինքը որպես ռեկտոր զիջում է շատ գիտնականների. «Ես երբեմն նայում եմ իմ աշխատավարձին և առաջին հիսունյակի մեջ շատ հաճախ չեմ էլ մտնում»։
Անդրադառնալով բուհերի վարկանիշավորման միջազգային աղյուսակներին (օրինակ՝ QS) և այնտեղ առաջխաղացման դժվարություններին՝ Հովհաննիսյանը շեշտեց ֆինանսական գործոնը. «Անցյալ տարի ես և պրոռեկտորը գնացել ենք QS-ի Բուդապեշտյան հավաքին, որի արծաթե հովանավորը Ադրբեջանն էր, ու Ադրբեջանին առանձին տեղ էին տալիս»։
Ինչ վերաբերում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում ԵՊՀ գլխավոր մասնաշենքի հնարավոր օտարման կամ ճակատագրի վերաբերյալ շրջանառվող խոսակցություններին, ռեկտորը հերքեց դրանք՝ հստակ նշելով. «Ես չեմ լսել նման խոսակցություններ… մնալու է ԵՊՀ գլխամաս»։ Իսկ Ակադեմիական քաղաքի վերաբերյալ հավելեց, որ համալսարանն այսօր հանրակացարանային լուրջ խնդիր ունի. «Եթե վաղը ակադեմիական քաղաքի տարածքում ստեղծվի մեծ հանրակացարանային գոտի, մենք միայն դա կողջունենք»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան