Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ռուսական գազի արտոնյալ գինը կդառնա շուկայական. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը շարունակում է մնալ էներգակիրների հուսալի մատակարար, հատկապես՝ իր գործընկերների համար։ Սակայն Երևանին տրամադրվող ռուսական գազի արտոնյալ գինը կարող է սկսվել ձևավորվել շուկայական սկզբունքներով, եթե Հայաստանը որոշի լքել ԵԱՏՄ-ն։ Ինչպես  հայտնում է ՏԱՍՍ-ը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք լսել ենք հայկական ղեկավարության հայտարարությունները, որ ռուսական գազի և էներգակիրների գինը շատ գրավիչ է և նույնիսկ արտոնյալ։ Դա իսկապես այդպես է։ Ռուսաստանը մնում է էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, հատկապես՝ իր ամենամոտ դաշնակիցների և գործընկերների համար»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ նման ռեժիմը հնարավոր չէ այլ ինտեգրացիոն միավորումների անդամների, մասնավորապես՝ ԵՄ-ի համար։
«Այնտեղ գների կատեգորիան լրիվ այլ է՝ շուկայական է։ Սա շատ լավ հայտնի է մեր երևանյան ընկերներին»,- հավելել է նա։

Պեսկովը «բաց հարց» է անվանել Հայաստանի հետագա տնտեսական ինտեգրման ուղու ընտրությունը, սակայն հիշեցրել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը շարունակում է լիարժեք անդամ մնալ ԵԱՏՄ-ում, բայց միաժամանակ զարգացնում է հարաբերությունները նաև արտաքին քաղաքականության այլ ուղղություններով, մասնավորապես՝ Եվրոպայի հետ։

«Ինչպես այդ ժամանակ պարզաբանել էր Փաշինյանը, ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի վերջնական որոշում կայացնել, և դա կարվի հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ հենց հայ ժողովուրդը կխոսի»,- եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment