Թրամփի օրոք ամերիկյան դիվանագիտության փլուզման մանրամասները

Ներկայացնում ենք Reuters գործակալության Inside the unraveling of U.S. diplomacy under Trump հոդվածի հայերեն թարգմանությունը:
***
Դոնալդ Թրամփի սպառնալիքները, անձնական պատվիրակները եւ դատարկված ԱՄՆ դեսպանատները վերափոխում են Վաշինգտոնի ներկայությունը աշխարհում: Եվրոպայից մինչեւ Ասիա՝ դաշնակիցները վերաշարադրում են ներգրավվածության կանոնները՝ անտեսելով նախագահի հռետորաբանությունը եւ ստեղծելով նոր դիվանագիտական ուղիներ, որպեսզի աշխատեն ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ, որն գնալով ավելի հաճախ առաջնորդվում է անհատներով, քան ինստիտուտներով:
Երբ Դոնալդ Թրամփը ապրիլի 7-ին զգուշացրեց Իրանին, որ «այսօր երեկոյան մի ամբողջ քաղաքակրթություն կվերանա», Վաշինգտոնում գտնվող մի եվրոպացի դիվանագետ ասաց, որ իր կառավարությունը ցանկանում է անհապաղ պատասխան ստանալ սարսափելի հարցին. արդյո՞ք ԱՄՆ նախագահը մտածում է միջուկային զենք օգտագործելու մասին:
Եվրոպայում եւ Ասիայում մտահոգությունը պարզապես այն չէր, թե արդյոք Թրամփի ապոկալիպտիկ սպառնալիքն իրական է, թե ճոռոմաբանություն: Դիվանագետի խոսքով՝ վախերից մեկն այն էր, որ Ռուսաստանը կարող է օգտագործել պահը՝ արդարացնելու նմանատիպ սպառնալիքները Ուկրաինայում:
Եվրոպական կառավարությունները անմիջապես հաստատում խնդրեցին ավանդական աղբյուրից՝ ԱՄՆ Պետդեպարտամենտից: Սակայն, ըստ դիվանագետի, այնտեղի պաշտոնյաները տագնապալի պատասխան տվեցին. նրանք չգիտեն, թե ինչ նկատի ուներ Թրամփը կամ ինչ գործողություններ կարող են նախանշել նրա խոսքերը։ 
Նախկինում չհրապարակված այս փաստը վկայում է ամերիկյան դիվանագիտության աննախադեպ փլուզման մասին։ Այն պահին, երբ ԱՄՆ-ի անկանխատեսելի նախագահը ցնցում է շուկաներն ու մայրաքաղաքները իր շշմեցուցիչ հայտարարություններով, աշխարհի կառավարությունները փորձում են պարզ տեղեկություններ ստանալ, սակայն նրանց սովորական աղբյուրները ԱՄՆ դեսպանատներում կամ Վաշինգտոնում բացակայում են, լռում են կամ անհայտ են։ Ամերիկայի 195 դեսպանական պաշտոնների առնվազն կեսը ներկայում թափուր է։
Օքսֆորդի համալսարանի միջազգային պատմության պրոֆեսոր Մարգարետ Մաքմիլանն ասում է, որ Թրամփի վարչակազմը քայքայում է Ամերիկայի կարողությունը՝ հասկանալու այն աշխարհը, որտեղ գործում է, եւ մեծացնում համաշխարհային անկայունությունը։ «Մենք չենք կարողանա օգտագործել դիվանագիտությունը, ինչպես հաճախ արել ենք նախկինում՝ հարաբերություններ ստեղծելու, շահավետ համաձայնագրեր ձեռք բերելու, պատերազմները կանխելու եւ դադարեցնելու համար»։
Թրամփի վարչակազմը մերժում է փլուզման գաղափարը՝ ասելով, որ փոփոխություններն ամրապնդել են ԱՄՆ դիվանագիտությունը եւ արդյունավետ դարձրել որոշումների կայացումը։ «Նախագահն իրավունք ունի որոշելու, թե ով է ներկայացնում ամերիկյան ժողովրդին եւ շահերը աշխարհում», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթը։
Ամերիկայի դիվանագիտական ցնցումների այս նկարագրությունը հիմնված է ավելի քան 50 բարձրաստիճան դիվանագետների, Սպիտակ տան պաշտոնյաների եւ վերջերս թոշակի անցած դեսպանների, ինչպես նաեւ Եվրոպայի եւ Ասիայի տասնյակ օտարերկրյա պաշտոնյաների, դիվանագետների եւ օրենսդիրների հարցազրույցների վրա։ 
Մինչ Ամերիկայի կարիերային դիվանագետները հեռացվում են աշխատանքից կամ անտեսվում, դաշնակիցները փոխում են Վաշինգտոնի հետ իրենց աշխատաոճը։ Դեսպանատներին կամ պաշտոնական աղբյուրներին ապավինելու փոխարեն՝ օտարերկրյա կառավարությունները հայտարարում են, որ իրենց դիվանագիտությունը վերաուղղորդում են նախագահի հետ անմիջական կապ ունեցող մարդկանց փոքր շրջանակին։
ԱՄՆ-ի որոշ դաշնակիցներ այժմ կարծում են, որ ամենաարդյունավետ արձագանքը անկայուն նախագահին դա ընդունելն է, որ նրա հռետորաբանությունը ֆոնային աղմուկ է։
Այդ հաշվարկը ակնհայտ դարձավ, երբ Իրանի ոչնչացման սպառնալիքը բորբոքեց միջուկային պատերազմի վախը։ Ի պատասխան դրան՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի պաշտոնյաները նույն օրը մշակեցին այն, ինչը եվրոպացի դիվանագետներից մեկն անվանեց «կոշտ» համատեղ հայտարարություն։ Սակայն նրանք նախընտրեցին չհրապարակել այն՝ որոշելով, որ Թրամփի ասածը մեծախոսություն է, իսկ հրապարակային նկատողությունը կարող է նրան դրդել շարունակել ռմբակոծությունները։ Երեկոյան Թրամփը հայտարարեց Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին։
Այս դրվագը, որը նույնպես նախկինում չի հրապարակվել, ցուցադրում է այն մոտեցումը, որն այժմ որդեգրել են շատ դաշնակիցներ. զսպվածություն՝ առճակատման փոխարեն։ Սակայն դիվանագետները նշել են, որ Թրամփի սպառնալիքներն անտեսելը նույնպես վտանգավոր է, քանի որ իրենք կարող են անպատրաստ լինել նոր ճգնաժամի դեպքում։
Թրամփի երկրորդ ժամկետից ավելի քան մեկ տարի անց ազդեցությունն ու տեղեկատվությունը ավելի ու ավելի հաճախ ստացվում է մի քանի պատվիրակներից։ Առավել աչքի ընկնողներն են Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, եւ նախագահի վաղեմի ընկերը՝ անշարժ գույքի գործակալ Սթիվ Վիթքոֆը։ Քուշները պաշտոնական կառավարական կոչում չունի, իսկ Վիթքոֆը՝ դիվանագիտական փորձ։ Սակայն որոշ օտարերկրյա կառավարություններ այժմ գերադասում են շփվել նրանց հետ, քան օգտվել պաշտոնական ալիքներից։
Այլ երկրներ մշակել են իրենց սեփական ոչ ավանդական մոտեցումները։ Հարավային Կորեայի պաշտոնյաները շրջանցեցին ԱՄՆ առեւտրային բանակցողներին եւ կապ հաստատեցին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի հետ, որը, նրանց կարծիքով, կարող էր բացատրել Թրամփի իրական մտադրությունները, երբ պայքարում էին նրա 25% մաքսատուրքերի դեմ։ Իսկ Ճապոնիան անսպասելի միջնորդ գտավ ի դեմս SoftBank-ի հիմնադիր Մասայոշի Սոնի, որը Թրամփի գոլֆի խաղընկերներից է։
Պետդեպարտամենտը Թրամփի երկրորդ ժամկետի ամենավաղ թիրախներից էր։ 2025 թվականի ապրիլին պետքարտուղար Մարկո Ռուբիոն այն անվանեց «ուռճացված» բյուրոկրատիա, որը կլանված է «արմատական քաղաքական գաղափարախոսությամբ» եւ հայտարարեց «համապարփակ վերակազմակերպման ծրագրի» մասին։ Սա նախանշված էր «Ծրագիր 2025»-ում՝ Վաշինգտոնում գործող աջակողմյան վերլուծական կենտրոնի՝ «Heritage Foundation»-ի կողմից 2023-ին հրապարակված քաղաքականության նախագծում: Ծրագիրը նախատեսում էր կրճատված Պետդեպարտամենտ, որտեղ ավելի շատ կլինեն քաղաքական նշանակումները, իսկ վարչակազմի նկատմամբ թշնամաբար տրամադրված կարիերային դեսպանները աշխատանքից կհեռացվեն:
Անցյալ տարի Պետդեպարտամենտը լքեց մոտ 3 000 աշխատակից. գրեթե կեսը աշխատանքից ազատվեցին, մնացածը ազատվելու համար փոխհատուցում ստացան: Դեկտեմբերին Ռուբիոն հրամայեց աննախադեպ կերպով հետ կանչել մոտ 30 դեսպանների:
Ռուբիոն անցյալ տարի խոստացավ, որ իր բարեփոխումը «կհզորացնի դեպարտամենտը՝ բյուրոներից մինչեւ դեսպանատներ»։ Սակայն այսօր, ըստ ԱՄՆ արտաքին ծառայության ասոցիացիայի՝ դիվանագետների արհմիության, ամբողջ աշխարհում ԱՄՆ 195 դեսպանական պաշտոններից 109-ը թափուր են։
Սպիտակ տան պաշտոնյան ասաց, որ փոփոխությունները «դարձրել են մեր կառավարությունը ավելի արգասավոր, պակաս ուռճացված եւ ավելի արդյունավետ՝ իրականացնելու նախագահի արտաքին քաղաքականությունը»։
Իսկ իրականությունն այն է, որ Իրանին սահմանակից յոթ երկրներից հինգում եւ Պարսից ծոցի վեց երկրներից չորսում ԱՄՆ դեսպան չունի։
ԱՄՆ շատ դեսպանատներ այժմ ղեկավարում են ժամանակավոր հավատարմատարները, ոչ թե Սենատի կողմից հաստատված դեսպանները, ինչը որոշ երկրներ համարում են դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում։ ԱՄՆ նախկին դեսպանները եւ Պետդեպարտամենտի պաշտոնյաները նշել են, որ դիվանագիտական ներկայացուցչության կրճատման պատճառով ամերիկացիները քաոսային կերպով տարհանվեցին տարածաշրջանից, երբ Թրամփը սկսեց Իրանի պատերազմը։
«Այդ բոլոր առաքելություններն էլ պետք է դեսպաններ ունենան, երբ պատերազմ է գնում», – ասել է թոշակի անցած դիվանագետ Բարբարա Լիֆը, որը Թրամփի առաջին վարչակազմի օրոք ԱՄՆ դեսպանն էր Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Մերձավոր Արեւելքի հարցերով պետքարտուղարի օգնականը նախագահ Ջո Բայդենի օրոք։ «Ճգնաժամի պահին (իսկ սա անավարտ ճգնաժամ է), այս վարչակազմը թողել է այս դեսպանատները վտանգավոր վիճակում», – հավելել է նա:
Պետդեպարտամենտի խոսնակ Փիգոթն ասաց, որ ԱՄՆ դեսպանատները լավ են աշխատել Իրանի պատերազմի ժամանակ եւ «պատշաճ կերպով ապահովված են աշխատակազմով»։
Դիվանագիտական զտումներ
Բրիջիթ Բրինքի համար Թրամփի վարչակազմի եւ աշխարհով սփռված դիվանագետների միջեւ պառակտումը կյանքի եւ մահվան հարց էր։
Բրինքը Կիեւում ԱՄՆ դեսպանն էր, երբ Թրամփը վերադարձավ պաշտոնին։ 2025-ի մարտին, Սպիտակ տանը Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու պայթյունավտանգ հանդիպումից ընդամենը մի քանի օր անց, ԱՄՆ-ն դադարեցրեց Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը եւ հետախուզական տվյալների փոխանակումը։ Զենքերի թվում էր ՀՕՊ-ը, որն անհրաժեշտ էր ոչ միայն ուկրաինացիներին, այլեւ ԱՄՆ դեսպանատան անձնակազմին՝ ռուսական ԱԹՍ-ներից եւ հրթիռներից պաշտպանվելու համար, ասում է Բրինքը։
«Ես տեղում 1000 մարդ ունեի, բոլորը՝ քաղաքացիական անձինք, – ասել է Բրինքը»։
Ռազմական օգնության դադարեցումը տեղի ունեցավ առանց նախազգուշացման, պատմում է նա։ «Երբ փորձեցինք պարզել, թե ինչու է այն դադարեցվել, պատասխան չստացանք»։ Բրինքը կապ հաստատեց Պենտագոնի, Պետդեպարտամենտի եւ Սպիտակ տան հետ՝ «ամենուր, որտեղ կարող էինք, քանի որ չափազանց մտահոգված էինք, թե ինչ է սա նշանակում ոչ միայն ուկրաինացիների, այլեւ մեր իսկ անվտանգության համար»։ 
Բրինքն ասում է, որ իր մարդիկ աշխատել են կուլիսների ետեւում, որ համոզեն Թրամփի վարչակազմին վերսկսել օգնությունը, ինչը նրանք համաձայնել են անել մարտի 11-ին։ Սակայն Բրինքը այդպես էլ պաշտոնական պատասխան չստացավ, թե ինչու էր օգնությունը դադարեցվել։
Կրճատումները Ազգային անվտանգության խորհրդում, որն ավանդաբար համակարգում է Սպիտակ տան արտաքին եւ պաշտպանական քաղաքականությունը, է՛լ ավելի խաթարեց հարաբերությունները Թրամփի վարչակազմի եւ դեսպանատների միջեւ։ 
ԱՄՆ երեք ներկա եւ նախկին պաշտոնյաների խոսքով՝ ամիսներ շարունակ ԱԱԽ աշխատակազմը կանոնավոր հանդիպումներ չի անցկացրել, եւ նրանց փաստացի արգելվել է ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ միջգերատեսչական հանդիպումներ ունենալ։ Սպիտակ տան պաշտոնյան ասաց, որ ԱԱԽ-ն չի դադարեցրել կանոնավոր կամ միջգերատեսչական հանդիպումները, բայց դրանք ավելի քիչ անդամներ ունեն եւ զբաղվում են Թրամփի առաջնահերթություններով։ 
Այդ ժամանակահատվածում, ինչպես նշել են բազմաթիվ պաշտոնյաներ, աշխատակիցները քիչ պաշտոնական ուղղորդումներ էին ստանում այնպիսի կարեւոր թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են Ուկրաինայի պատերազմը կամ ՆԱՏՕ-ի ապագան: Դրա փոխարեն նրանք մանրակրկիտ ուսումնասիրում էին Թրամփի Truth Social էջը՝ քաղաքականության մասին ազդանշաններ ստանալու համար: ԱԱԽ-ի շատ աշխատակիցներ Թրամփի էջը բաց էին պահում հատուկ էկրանին, պատմեցին պաշտոնյաները:
Բայդենի օրոք Բրինքը պարբերաբար մասնակցում էր ԱԱԽ նիստերին՝ Վաշինգտոնի եւ Կիեւի դեսպանատան միջեւ բարդ պատերազմական քաղաքականություն մշակելու եւ համակարգելու համար: Բրինքի խոսքով՝ Թրամփի օրոք այդ հանդիպումները դադարեցվել են: 
Վերջին կաթիլը, ըստ Բրինքի, Թրամփի «հաշտեցման» քաղաքականությունն էր Ուկրաինայի հարցում. ձգտումը ավելի սերտ կապեր հաստատել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միաժամանակ մեղադրելով Ուկրաինային ռուսական ագրեսիայի համար: Բրինքը հրաժարական տվեց 2025-ի ապրիլին՝ որպես բողոքի նշան: Երկու ամիս անց նա հայտարարեց, որ Միչիգան նահանգից առաջադրվել է որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական թեկնածու: 
Բրինքի իրավահաջորդը՝ Ջուլի Դեյվիսը, որը ժամանակավոր հավատարմատար է, նույնպես կհրաժարվի պաշտոնից եւ կանցնի թոշակի հունիսին, ապրիլի 28-ին հայտարարեց Պետդեպարտամենտը: Պետդեպարտամենտի խոսնակ Փիգոտը նշեց, որ Դեյվիսը թոշակի է անցնում արտաքին գործերում «30 տարվա վաստակավոր պաշտոնավարումից» հետո։
Կտրուկ կրճատվել են շատ այլ կարիերային դիվանագետների դեսպանական պաշտոնները: Սուրբ Ծննդից մեկ շաբաթ առաջ մոտ 30 հոգու հանձնարարվել էր թողնել իրենց պաշտոնները մինչեւ հունվարի կեսը. հետկանչ, որը տեղի ունեցավ առանց նախազգուշացման կամ բացատրության: 
ԱՄՆ դեսպանները բաժանվում են երկու կատեգորիայի՝ կարիերային դիվանագետներ եւ քաղաքական նշանակումներ։ Երկու դեպքում է դեսպաններին նշանակում է նախագահը եւ հաստատում է ԱՄՆ Սենատը։ Կարիերային դիվանագետները ավանդաբար հպարտորեն անկուսակցական են եւ հաճախ տասնամյակների փորձառություն ունեն։ Քաղաքական նշանակումները սովորաբար քարոզարշավի խոշոր դոնորներ են, նախկին օրենսդիրներ կամ նախագահի մտերիմ դաշնակիցներ։
Գրեթե 50 տարի ԱՄՆ վարչակազմերում կարիերային դիվանագետները կազմել են դեսպանների 57%-ից 74%-ը՝ ըստ Ամերիկյան արտաքին ծառայության ասոցիացիայի։ Թրամփի երկրորդ ժամկետում նրա դեսպան նշանակված անձանց ընդամենը 9%-ն են կարիերային դիվանագետներ։ 
Դեկտեմբերին հետ կանչված դեսպանների մեծ մասը կարիերային դիվանագետներ էին, որոնք նշանակվել էին իրենց պաշտոններում Բայդենի օրոք, բայց ծառայել էին նաեւ հանրապետական վարչակազմերում, այդ թվում՝ Թրամփի օրոք։ Օրինակ՝ Ուկրաինայում դեսպան Բրինքը ծառայել է հինգ նախագահներին՝ դեմոկրատ եւ հանրապետական, այդ թվում՝ Թրամփին իր առաջին ժամկետում։ 
Պետդեպարտամենտը հայտարարեց, որ զանգվածային հետկանչը «ստանդարտ գործընթաց» է, եւ փոխարինողները կներկայացնեն Թրամփին եւ «առաջ կմղեն «Առաջին հերթին Ամերիկան» օրակարգը, որը, ըստ Սպիտակ տան, «կպաշտպանի ամերիկյան հիմնական շահերը»։
Աշխարհում ավելի քան 100 դեսպանի պաշտոններ մնում են թափուր։ «Մենք մեր դիվանագիտությունն իրականացնում ենք կես ուժով», – ասաց Բրայան Նիքոլսը, որը 2014-2021 թվականներին դեմոկրատ էր եւ հանրապետական նախագահների դեսպանը Պերուում եւ Զիմբաբվեում։
Այս ֆոնին ի հայտ է գալիս դիվանագետների նոր ալիք, որոնք համակարծիք են Թրամփին։
2024 թվականին հիմնադրված Բեն Ֆրենքլինի անվան կրթաթոշակը բացահայտում եւ առաջ է մղում Պետդեպարտամենտի ներսում պահպանողականներին եւ հակազդում նրանց նկատմամբ կողմնակալությանը (ըստ իրենց նկարագրության)։ 
Խումբն այժմ իր կայքում ցուցակագրել է մոտ 95 անդամներ, այդ թվում՝ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուին։ Եվս 250 անդամներ, որոնց մեծ մասը ակտիվ դիվանագետներ են, թաքցնում են իրենց ինքնությունը՝ ապագա դեմոկրատական վարչակազմերի օրոք վրեժխնդրությունից խուսափելու համար, ասաց նախկին դիվանագետ Ֆիլիփ Լինդերմանը։
Ընկերակցության ամենամեծ ֆինանսական աջակիցների թվում է Heritage հիմնադրամը՝ «Նախագիծ 2025»-ի ճարտարապետը։ Անցյալ տարի Heritage-ը խմբին տվեց 100 000 դոլարի դրամաշնորհ։
Տասնութ նախկին դեսպաններ մտահոգություն հայտնեցին, որ Բեն Ֆրենքլինի անվան կրթաթոշակի անդամները արագացված կարգով նշանակվում են ավագ պաշտոնների՝ առաջ անցնելով ավելի փորձառու մարդկանցից։ Փիգոթն ասաց, որ Պետդեպարտամենտը «անձնակազմին վերաբերող որոշումները չի կայացնում արտաքին խմբերին մասնակցության կամ ժողովրդագրական քվոտաների հիման վրա»։
Պատվիրակների պետության վերելքը
Թրամփն ավելի ու ավելի հաճախ շրջանցում է դեսպանատները՝ զգայուն դիվանագիտությունը վստահելով հատուկ պատվիրակներին, որոնցից առավել ակնառու են Քուշները եւ Վիթքոֆը՝ Ուկրաինայի, Գազայի եւ Իրանի պատերազմների հարցերում նրա գլխավոր բանակցողները։
Իրանի պատերազմի նախօրեին Քուշները եւ Վիթքոֆը Ժնեւում հանդիպեցին իրանցի պաշտոնյաների հետ, բայց քննարկումներին մասնակցող եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ իրենց հետ ամերիկացի միջուկային մասնագետների չբերեցին։ Նախորդ ինը ամիսների ընթացքում Թրամփի վարչակազմը աշխատանքից ազատեց առնվազն կես տասնյակ Իրանի միջուկային հարցերով փորձագետների, այդ թվում կարիերային դիվանագետ Նեյթ Սվանսոնին, որն աշխատել էր տարբեր վարչակազմերում։
Սվանսոնը օգնեց իրականացնել Օբամայի վարչակազմի 2015 թվականի միջուկային համաձայնագիրը Իրանի հետ։ Խիստ տեխնիկական փաստաթուղթը, որով Իրանը համաձայնեց զգալիորեն սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ միջուկային հարցերի հետ կապված տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց, մշակվել էր դիվանագետների եւ փորձագետների մեծ թիմերի կողմից։ Թրամփը դուրս եկավ համաձայնագրից 2018 թվականին։ 
Սվանսոնը պատմեց, որ Վիթքոֆը զանգահարել էր իրեն անցյալ տարվա ապրիլին եւ խնդրել մասնակցել Թեհրանի հետ վերսկսված բանակցություններին։ Այդ ժամանակ Սվանսոնն աշխատում էր Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման գրասենյակում։
Սակայն անցան շաբաթներ, իսկ Իրանի վերաբերյալ հանդիպումներ չեղան, պատմեց Սվանսոնը։ «Նա շատ գործեր ուներ, – ասաց նա Վիթքոֆի մասին, որը զբաղվում էր նաեւ Ուկրաինայի եւ Գազայի բանակցություններով։ – Մենք որեւէ ներդրում չունեցանք»։ Շուտով, ասաց Սվանսոնը, վարչակազմը «պարզապես այլեւս խորհուրդ չէր հարցնում»։
Վիթքոֆի բանակցային թիմին միանալուց երկու ամիս անց Սվանսոնը ազատվեց աշխատանքից, երբ աջակողմյան ինֆլուենսեր Լորա Լումերը նրան սոցցանցերում ծաղրեց՝ «Օբամայի վերապրուկ» անվանելով։ Դրանից հետո նա միացավ Atlantic Council վերլուծական կենտրոնին որպես ավագ գիտաշխատող։ 
Եվրոպացի մի բարձրաստիճան դիվանագետ ասաց, որ Ժնեւում կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ թիմը դժվարությամբ էր հասկանում ուրանի հարստացման տարբեր շեմերի եւ Իրանի միջուկային ծրագրի այլ տարրերի նշանակությունը, եւ եվրոպացի պաշտոնյաները ստիպված էին բացատրություններ տրամադրել։ «Ինչպե՞ս կարող ես բանակցել, երբ չես հասկանում հիմունքները», – ասաց այդ դիվանագետը։ 
Փետրվարի 28-ին՝ Ժնեւի բանակցությունների ձախողումից հետո, ԱՄՆ-ն եւ Իսրայելը սկսեցին ռմբակոծել Իրանը։ Այդ օրը եւ մարտի 3-ին Վիթքոֆը լրագրողներին ներկայացրեց բանակցությունների ընթացքը։ Այդ ճեպազրույցներից ակնհայտ էր, որ նա սխալ է հասկացել Իրանի առաջարկը՝ չափազանցնելով Իրանի միջուկային սպառնալիքը, շփոթել է ուրանի սահմանափակ հարստացումը կարճ ժամկետում զենք ստեղծելու հետ, ասաց Քելսի Դեյվենպորտը Վաշինգտոնի «Զենքերի վերահսկման ասոցիացիա»-ից։
Նրա խոսքով, Վիթքոֆի հայտարարություններում բազմաթիվ սխալներ կային, որոնք վկայում էին «տեխնիկական անիրազեկություն» մասին։ Օրինակ, նա Իրանի IR-6 ուրանի հարստացման ցենտրիֆուգն անվանեց «թերեւս աշխարհի ամենաառաջադեմ ցենտրիֆուգը», մինչդեռ այն նույնիսկ Իրանի ամենաառաջադեմ ցենտրիֆուգը չէ։ «Գործարքի շուրջ բանակցելու համար պարտադիր չէ, որ Վիթքոֆը միջուկային փորձագետ լինի։ Բայց եթե նա փորձագետ չէ, ուրեմն պետք է շրջապատված լինի նրանցով», – ասաց նա։
Թրամփի երկու գլխավոր պատվիրակները ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատների կողմից ենթարկվել են քննության նաեւ շահերի հնարավոր բախման համար. Քուշները հավանաբար խաղաղության համաձայնագրեր է բանակցել այն երկրների հետ, որտեղ միլիարդավոր դոլարների գործարքներ ունի, իսկ Վիթքոֆը ընտանիքը դեր ունի Թրամփի կրիպտո-ընկերությունում եւ ձգտում էր մուտք գործել Մերձավոր Արեւելքի շուկա։ Երկուսն էլ հերքել են շահերի բախման կասկածները։
Սպիտակ տան պաշտոնյան նման պնդումները անվանել է դեմոկրատների առաջ քաշած «հոգնած պատում» եւ ասել, որ երկու գործիչներն էլ «լիովին հասկացել են» Իրանի առաջարկները բանակցությունների ընթացքում։
Թրամփի կողմից այս ժամկետում նշանակված դեսպանների ավելի քան 90%-ը քաղաքական կողմնակիցներ են, ոչ թե կարիերային դիվանագետներ, եւ ունեն անսովոր իշխանություն՝ նախագահի մերձավոր շրջապատի հետ իրենց ենթադրյալ կապերի պատճառով։ Երկու եվրոպացի պաշտոնյաներ հիշեցին, թե ինչպես Քուշների հայրը՝ Չարլզը, Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանը, ընդգծեց իր մոտիկությունը իշխանությանը՝ նախորդ տարի արտասահմանյան գործընկերների հետ հանդիպման ժամանակ անմիջականորեն զանգահարելով Ջարեդին։
Պեկինում Թրամփը դեսպան նշանակեց իրեն հավատարիմ մարդուն՝ Դեյվիդ Փերդյուին, Ջորջիա նահանգի նախկին սենատորին եւ գործարարին, որը կրկնել էր Թրամփի շինծու պնդումները, որ 2020-ի ընտրությունները կեղծվել են։ 
Չինաստանով զբաղվող ԱՄՆ կառավարության երեք պաշտոնյաներ ասացին, որ Փերդյուն ուղղակիորեն զանգահարում էր Թրամփին՝ որոշումներ կայացնելու եւ չլուծված դիվանագիտական հարցերը լուծելու համար, մինչդեռ նույնիսկ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետները զրկվել են տեղեկատվությունից։ Բարձր մակարդակի այցելությունները պլանավորելիս, նրանց խոսքով, դեսպանատան աշխատակիցները հաճախ սպասում էին, որ Փերդյուն զանգահարի Թրամփին՝ նախքան մանրամասների վերջնական հաստատումը, մինչդեռ անցյալում նման որոշումները կայացվում էին ավելի ցածր մակարդակներում։
Վաշինգտոնում Գերմանիայի նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերը նշել է, որ Ամերիկայի ներկայիս արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է մեկ մարդու՝ Թրամփի ձեռքում։ «Այդ մարդը որոշումներ  է կայացնում, երբեմն՝ գիշերը, երբեմն՝ պաշտոնական հանդիպման ժամանակ, երբեմն՝ ոչ, – ասաց նա: – Դա շատ տարբերվում է անցյալից, եւ ես վստահ չեմ, որ Թրամփի գործելաոճը ճիշտ որոշումներ է երաշխավորում»։
2025 թվականի ապրիլին Թրամփը հայտարարեց Հարավային Կորեայի նկատմամբ 25% մաքսատուրքի սահմանման մասին՝ սպառնալով արտահանման վրա հիմնված տնտեսությանը: Հետագա առեւտրային բանակցություններում հարավկորեացի պաշտոնյաները չէին կարողանում պարզել, թե արդյոք իրենց ամերիկացի գործընկերները ճշգրիտ կերպով էին փոխանցում Թրամփի դիրքորոշումը, հարավկորեական փոդքասթին պատմեց նախագահի աշխատակազմի ղեկավար Կանգ Հուն-սիկը: Հարավկորեացի պաշտոնյաները հարմարվեցին՝ ուղղակիորեն շփվելով Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ուայլսի հետ: Պայմանավորվածությունն անսովոր էր: Կանգը սովորական կորեացի գործընկեր չէ, որի հետ ԱՄՆ-ն բանակցում է արտաքին քաղաքականության, անվտանգության կամ առեւտրի հարցերով, իսկ Ուայլսը առեւտրային բանակցող չէ:
Պետդեպարտամենտի խոսնակ Փիգոտը նշեց, որ «մերժում է այն ենթադրությունը, որ կարեւոր որոշումները կայացվել են առանց փորձառու մասնագետների նշանակալի ներդրման»։ Նա արդյունավետ որակեց Թրամփի կողմից պատվիրակների եւ Սպիտակ տան հետ ուղիղ կապերի օգտագործումը։ «Այս վարչակազմի մշտական ուղղակի ներգրավվածությունը աշխարհի հետ ամենաբարձր մակարդակներով արժեքավոր է, – ասաց նա, – եւ հակառակը պնդողները չգիտեն, թե ինչի մասին են խոսում»։
Աշխարհը վերահաշվարկ է անում
Թրամփը խախտել է դիվանագիտական նորմերը իր մշտական սպառնալիքներով, որոնք ուղղված են թշնամիներին, ինչպիսն Իրանն է, եւ դաշնակիցներին, այդ թվում՝ Դանիային, Կանադային եւ Հյուսիսատլանտյան դաշինքին: 
Կառավարությունները ստիպված են կշռադատել՝ արդյո՞ք հրապարակային արձագանքը կհանդարտեցնի լարվածությունը, թե՞ կսրի այն:
Ահա թե ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, երբ Թրամփը զգուշացրեց, որ Իրանի քաղաքակրթությունը կարող է ոչնչացվել: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի պաշտոնյաները մշակեցին այն, ինչը եվրոպացի դիվանագետներից մեկն անվանեց «կոշտ» համատեղ հայտարարություն, սակայն նախընտրեցին չհրապարակել այն։
«Վերջում մտածեցինք, որ ամեն անգամ, երբ նա այդպես հաչում է, չի կծում», – ասաց դիվանագետը, որը օգնել էր կազմել հայտարարությունը: Եվրոպացի պաշտոնյաները համարեցին, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հրադադարը դեռ հնարավոր է եւ մտահոգված էին, որ հրապարակային նկատողությունը կդրդի Թրամփին շարունակել ռմբակոծությունները: Նրանք ձեռնպահ մնացին: Օրվա վերջում Թրամփը հայտարարեց հրադադարի մասին:
Միջադեպն ամրապնդեց դասը ԱՄՆ բազմաթիվ դաշնակիցների համար. լռությունը կարող է լինել ամենաանվտանգ պատասխանը Թրամփի ամենածայրահեղ սպառնալիքներին:
Որոշ եվրոպացի դիվանագետներ սա անվանում են «Մերկելի մեթոդ»՝ ակնարկելով Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի արձագանքին Թրամփի առաջին ժամկետի ընթացքում. կուլ տալ սադրանքները՝ առանց հանրային արձագանքի, միաժամանակ վճռականորեն պաշտպանել ազգային շահերը։
Մի քանի դաշնակիցներ, այդ թվում՝ Ավստրալիան եւ Նոր Զելանդիան, քննադատեցին Թրամփի խոսքերը Իրանի վերաբերյալ։ Սակայն այլ երկրներ, այդ թվում Ճապոնիան, լռեցին։
«Նախագահ Թրամփի հայտարարությունները անընդհատ փոխվում էին, ուստի ժամանակի ընթացքում մենք դադարեցինք արձագանքել յուրաքանչյուրին, – ասաց Տակեշի Իվայան՝ Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրենսդիրը, որը մինչեւ 2025-ի հոկտեմբերը զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը։ «Պատասխանելը կարող է պարզապես ավելորդ արձագանքներ առաջացնել»։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment