«Ինչքան շատ ընդդիմադիր ուժեր անցնեն խորհրդարան, ինձ համար լավ է, իմ երկրի համար էլ է օգուտ»․ Արման Թաթոյան

«Միասնության թեւեր» կուսակցության թիմն այսօր նախընտրական քարոզարշավ է իրականացնում Երեւանում։

Կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Մեր ժողովուրդը ոչ մեկից չպետք է վախենա, այս ընտրությունները մեր պետության ճակատագրի մասին են։ Մեր քաղաքացին պետք է նկատի ունենա, որ քվեախցիկում ամենազոր է, այդ պահին իշխանությունն իրեն է պատկանում»։

Թաթոյանի խոսքով՝ այս ընտրություններում պետք է հաղթի մեր պետականությունը, մենք հայոց պետականության պահպանման եզրագծին ենք․ «Դրա համար ես այս ընթացքում, երբ սկսվեց քարոզարշավը, սոլիդարությունը պահել եմ, երբեք որեւէ ընդդիմադիր ուժի չենք փորձել քննադատել։ Ինձ համար կարեւոր է հետեւյալը՝ ինչքան շատ ընդդիմադիր ուժեր անցնեն խորհրդարան, ինչքան հաջողություններ մենք ունենանք այդտեղ, ինձ համար լավ է, օգուտ է, իմ երկրի համար էլ»։

«Այսօր ստացվում է, որ մենք էլի մեր ընտրությունը դրել ենք այն ուղղությունների միջեւ, թե որ արտաքին ուժն ում է նախընտրում։ Բաքուն նախընտրում է Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանի գլխավոր պապան Ալիեւն է։ Աչքիս այնպես է լինելու՝ վերջում մի հատ էլ այդ գլխավոր պապան գա այստեղ իր համար քարոզարշավ անի։ Ունի նաեւ տարբեր հոպարներ, քեռիներ, որոնք այսօր-վաղը գալիս են Հայաստան։ Մոսկվան ունի իր նախընտրած մարդուն։ Եվրոպան էլ, Վաշինգտոնն էլ, մյուսներն էլ ստացվում է՝ ունեն իրենց նախընտրած մարդկանց։ Ի՞նչ, մենք այդպես ընտրություն կատարե՞նք, բա մեր երկրի վիճակը, տակը մեր երկրի հարցերն են մնում։ Հենց մենք սկսենք շարժվել մեր երկրի շահերով, մտածենք մեր երկրի մասին, այդ դեպքում մեր խնդիրներն էլ կլուծվեն»,- նշեց Թաթոյանը։

Նա նշեց, որ մեկ երկրից, այդ թվում՝ Ռուսաստանից չպետք է լինի կախվածություն։ Անդրադառնալով հայ-ռուսական ներկա հարաբերություններին՝ ասաց, որ հարցեր կան, այդ հարաբերությունները պարզ չեն։ «Ես հարցեր ունեմ Ռուսաստանին՝ կապված Արցախից մինչեւ Ջերմուկի նկատմամբ հարձակումները, ինչպե՞ս եղավ, որ Ռուսաստանը չմիջամտեց, ինչպե՞ս եղավ, որ Արցախում ռուս խաղաղապահներ կային, մեր հայրենակիցները այդ հույսով վերադարձան, բայց անվտանգություն չեղավ։ Բայց այստեղ կարեւոր սկզբունքային հարց եմ ուզում նշել՝ այս ամենը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ գործող իշխանությունների ձախողումների հետեւանքն է։ Բայց մենք պետք է նստենք ռուս գործընկերների հետ, հասկանանք, մենք իրավունք չունենք կապեր խզել»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Արման Թաթոյանը վարչական ռեսուրսի կիրառման փաստով հաղորդում էր ներկայացրել դատախազություն։ Այսօր անդրադառնալով այդ հարցին՝ ասաց․ «Այդ ձայնագրություններով չկա ոչ մի առաջընթաց։ Ես հանցագործության մասին հաղորդման մեջ հատուկ նշել էի, որ պետք է հարցաքննվեն կամ ձերբակալվեն Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Լիլիթ Մակունցը, Արայիկ Հարությունյանը։ Այսքան ժամանակ հարցաքննության կանչե՞լ են, մի հատ ձերբակալության որոշում այդ մարդկանց վերաբերյալ կա՞»:

Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե երկու տարվա ընթացքում վիզաների ազատականացումն իրատեսական է, Թաթոյանն ասաց․ «Լո՞ւրջ, երկու տարվա ընթացքո՞ւմ, էս 8 տարի է՝ իշխանություն են, ու մի հատ էլ երկու տարի՞։ Երկու տարուց հետո ասելու է՝ կներեք երեք տարուց, չորս տարուց։ Հայաստանում ԵՄ գագաթնաժողովը եղավ, այդ պահին ինչո՞ւ չասվեց, որ մինչեւ տարվա վերջ լինելու է վիզաների ազատականացում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արման Թաթոյանը փաստեր էր արձանագրել, որ ադրբեջանցի պաշտոնյաներն այս ընտրություններում սատարում են Նիկոլ Փաշինյանին։ «Երբ Եվրամիությունը հայտարարեց, որ ՌԴ միջամտության դեմ պայքարում են, ասացինք ՝շատ լավ, պայքարում եք, լավ եք անում, ճիշտ եք անում։ Բայց մենք էլ հայտնաբերել ենք ադրբեջանական միջամտություն, ես հանդիպում ունեցա ԵՄ պատվիրակությունում, նրանք ինձ խոստացան, որ կքննեն այն բոլոր գործերը, որոնք ես կուղարկեմ։ Դրանից հետո ես ապացույցն ուղարկեցի»,- ասաց նա։

Թաթոյանը նշեց՝ ադրբեջանցիները սատարում են Փաշինյանին, քանի որ նա իրականացնում է ադրբեջանցիների ռազմավարական նպատակները։ «Նրանք այդպես էլ հստակ ասում են, որ՝ մենք վերջապես Հայաստանում ունենք իշխանություն, որն իրականացնում է մեր ռազմավարական նպատակները։ Մենք պետք է դուրս գանք այս վանդակից, ժողովուրդ։ Այս իրավիճակում երբեք չի կարելի Ադրբեջանի հետ հարաբերություններում մեն մենակ մնալ»,- նշեց նա։

Անդրադառնալով հայ գերիների վերադարձի հարցին՝ Թաթոյանն ասաց․ «Այս իշխանություններն այնպես են արել, որ փակուղի է մտել այդ հարցը։ Ստացվում է, որ մենակ Ադրբեջանի բարի կամքից է կախված այդ հարցի լուծումը»։

Թաթոյանն անդրադարձավ նաեւ Արցախի ու արցախցիների վերադարձի հարցին՝ ներկայացնելով իրենց մոտեցումները։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment