«Մի քանի տեղ ասֆալտ անելով ու 10 հազար դրամով արժի՞ երկրի ղեկավար ընտրել»․ Նարեկ Կարապետյան

«Մի քանի տեղ ասֆալտ արել են, բայց մի քանի տեղ ասֆալտ անելով ու 10 հազար դրամով արժի՞ երկրի ղեկավար ընտրել։ Մենք ասֆալտչիկ չենք ընտրում, երկրի առաջնորդ ենք ընտրում»,- Ապարանում «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

Նա մի դրվագ հիշեց․ «Մի քանի օրից Բաշ-Ապարանի հերոսամարտի տարելիցն է։ Բաշ-Ապարանի հերոսամարտը մի կարևոր ցուցիչ է, ինչպես նախնիները մեզ հասցրել են, սկզբից հակառակորդ պետությունից մտածել են՝ մտնե՞ն այդ ճանապարհի մեջ, թե՝ ոչ, հետո կապ են տվել, ասել՝ թուրքական զորքը չի կարողանում անցնել, ապարանցիները չեն թողնում, ասել են՝ ո՞նց չեն թողնում, դա թուրքական զորքն է, ասել են՝ նրանք էլ ապարանցիներն են»։

Այնուհետև զուգահեռներ տանելով՝ ասաց․ «Մեկ տարի առաջ ՀՀ-ում որևէ քաղաքական ուժ չկար, որ կարող էր Փաշինյանին իշխանությունից հեռացնել։ Բայց եկավ, կանգնեց մի տեղ, ինչպես Բաշ-Ապարանի օրն էր, մեր գյուղացիները չթողեցին առաջ գնալ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որոնցով սպառնում է «բռնել» մարդկանց, Նարեկ Կարապետյանն ասաց․ «Նորմալ հոգեբանությամբ մարդը մարդկանց բռնելու ցանկություն չի ունենա։ Նորմալ հոգեբանությամբ մարդը չի ուզենա բոլորին բռնել։ Էս մարդիկ ամեն օր ուզում են մեկին բռնեն։ Ինչ մանկություն են ունեցել, չեմ հասկանում»։

Ըստ Նարեկ Կարապետյանի՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի կառավարել, մի քիչ ավելի շատ ասֆալտ ենք ունենալու, ու էլի աշխատատեղ չի լինելու։ Մինչդեռ վստահեցրեց, որ իրենք ստեղծելու են աշխատատեղեր ՀՀ բոլոր շրջաններում․ «Դա մեր փեշակն է։ Հիմա սահմանին բոլորի բերքը կանգնեցնում են։ Մեզ երկրին առաջնորդ է պետք, որ ուր գնա, հետևից պրոբլեմ չգա, այլ լուծում լինի։ Եթե ՀՀ-ում աշխատատեղ չեք սարքում, գոնե մի փչացրեք երկրի հարաբերություններն այլ երկրների հետ, որ մարդիկ աշխատեն, իրենց ընտանիքները պահեն։ Ութ միլիարդ վարկ է վերցրել, էդ ութը միլիարդը ՀՀ-ի բոլոր շրջանների մեծ մասում գործ կապահովեր, մարդիկ իրենց տան շեմին կլինեին»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Հայաքվեի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment