Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ «ամուր» համաձայնագիրը կարող է լինել արդեն այսօր

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկացի և իրանցի բանակցողները արդեն երկուշաբթի կարող են համաձայնության գալ երկու երկրների միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, գրում է BBC-ն։

«Մենք դեռ աշխատանքի ընթացքում ենք։ Այսպիսով, մենք սեղանին ունենք այն, ինչը, կարծում եմ, բավականին լուրջ բան է նեղուցները բացելու կարողության առումով», – ասել է նա՝ անդրադառնալով Հորմուզի նեղուցին։

Մինչ այս, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բանակցողներին հանձնարարել է «չշտապել համաձայնագրի հարցում», այն բանից հետո, երբ նախկինում ակնարկել էր, որ համաձայնագիրը մոտ է։ Ըստ տեղեկությունների՝ այն ներառում է հրադադարի 60-օրյա երկարաձգում, Հորմուզի նեղուցի վերաբացում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա բանակցությունների ծրագիր։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային անցյալ շաբաթավերջին հայտարարել է, որ երկու կողմերն էլ «շատ մոտ են և շատ հեռու» համաձայնության հասնելուց։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ քննարկվող գործարքը վերջնական կարգավորում չէ, փոխարենը թողնում է որոշ բարդ հարցեր, որոնք պետք է քննարկվեն ավելի ուշ, այդ թվում՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման շրջանակը և ժամկետները, իրանական սառեցված միջոցների ազատումը և Վաշինգտոնի պահանջները Իրանի նկատմամբ՝ զսպելու իր միջուկային նկրտումները։

Կիրակի Truth Social-ում հրապարակված գրառման մեջ Թրամփը կրկին նշել է, որ Իրանը «պետք է հասկանա», որ չի կարող միջուկային զենք մշակել: Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներով է։

Ամերիկյան լրատվամիջոցների որոշ հրապարակումների համաձայն՝ Իրանը կարող է համաձայնվել ի վերջո հանձնել իր բարձր հարստացված ուրանը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պետական ​​հեռուստատեսությանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է «աշխարհին վստահեցնել, որ չեն ձգտում միջուկային զենքի»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment