Իրանի գերագույն առաջնորդը գործում է խիստ գաղտնի պայմաններում․CBS News

CBS News–ի փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզության գնահատականներով Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ներկայում գործում է անհայտ և խիստ պահպանվող վայրից՝ արտաքին աշխարհի հետ ունենալով չափազանց սահմանափակ կապ։

Հաղորդվում է, որ նա հիմնականում հենվում է բարդ սուրհանդակային ցանցի վրա, որը թույլ է տալիս գաղտնի պահել իր գտնվելու վայրը, սակայն միաժամանակ դանդաղեցնում է ներքին որոշումների ընդունման գործընթացը։

Ըստ աղբյուրի՝ Իրանի բանակցողները, որոնք աշխատում են ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունների շրջանակում, դժվարությունների են բախվում համակարգի ներսում տեղեկատվության փոխանակման հարցում։ Արդյունքում ուշանում են ինչպես առաջարկվող պայմանների վերաբերյալ պատասխանները, այնպես էլ ընդհանուր բանակցային գործընթացը։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Վաշինգտոնից ուղարկված հաղորդագրությունները կարող են մեծ ուշացումով հասնել գերագույն առաջնորդին, իսկ պատասխանները փոխանցվում են բազմաթիվ միջնորդների միջոցով, ոչ թե անմիջական կապի ուղիներով։

CBS News-ը նաև նշում է, որ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական գործողությունները հնարավորություն են տվել բացահայտել և ոչնչացնել Իրանի բարձրագույն ղեկավարության զգալի հատվածին։ Դրա հետևանքով բազմաթիվ իրանցի պաշտոնյաներ տեղափոխվել են ամրացված բունկերներ և խիստ սահմանափակել են միմյանց հետ շփումները։

Հաղորդման համաձայն՝ նույնիսկ Իրանի կառավարության բարձրաստիճան անդամները չգիտեն գերագույն առաջնորդի գտնվելու վայրը և անմիջական հասանելիություն չունեն նրան։ Փոխարենը՝ նա վստահված միջնորդների միջոցով փոխանցում է բանակցությունների վերաբերյալ ընդհանուր հրահանգներ՝ սահմանելով, թե որ հարցերն են ենթակա քննարկման, և որոնք շարունակում են մնալ փակ թեմաներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment