Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի արժանացան Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Նախորդ օրը երեկոյան Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, կատարվեց ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրեցին իրենց երդմնագրերը:
Անդրադառնալով պատմության ընթացքում մեր երկրի դեմ ասպատակությունների հորձանուտներում, ինչպես և Ցեղասպանության ու ստալինյան բռնապետության տարիներին եկեղեցականների հանդեպ իրականացված բռնաճնշումներին և հալածանքներին՝ Գարեգին Երկրորդը նշել է, որ կրելով բազում նեղություններ, հոգևորականները հաստատուն են մնացել առ Քրիստոս հավատարմության ու սիրո մեջ և, Աստծուն ապավինած, դիմակայել բոլոր դժվարություններին:
«Ցավով ենք անդրադառնում, որ Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման», – ասել է Հայոց Հայրապետը։
«Այս բարդ ժամանակաշրջանում շարունակեք քաջալերել մեր ժողովրդի զավակներին ամուր մնալու աստվածասիրության ու հայրենասիրության մեջ։ Եղեք համարձակ պահապանը հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների, մեր երկրի ու ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու արդար իրավունքների։ Ձեր խնամքին հանձնված հավատացյալներին առաջնորդեք աստվածահաճո ուղիներով, նրանց սրտերում զորացրեք հավատքը, աննկուն կամքն ու արիության ոգին՝ դուրս բերելու մեր երկիրը վտանգներով ու փորձություններով լի այս դժվարին իրավիճակից և կերտելու հայրենիքի բարօր ու պայծառ ապագան։ Ձեր բարձր առաքելությամբ ամենուր տարածեք տերունավանդ սեր, ազնվություն, բարություն ու արդարություն», – պատգամել է Նորին Սրբությունը։
Հայոց եկեղեցին չորս նոր եպիսկոպոս ունի
Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 24-ին Մայր Տաճարում տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: