Ոստիկանության Արտաշատի բաժինն ահազանգ է ստացել անհայտ քաղաքացուց, որը ներկայացրել է սարսափելի մանրամասներ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Արարատի մարզում առեղծվածային դեպք է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Արտաշատի բաժինն ահազանգ է ստացել անհայտ քաղաքացուց, որը ներկայացրել է սարսափելի մանրամասներ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Ըստ ստացված զանգի՝ ազգությամբ քուրդ Հ. Բ․-ն (30 տարեկան) մոտ մեկ ամիս առաջ ոտքով հարվածել է հարվածել է իր 9-ամսական հղի կնոջը՝ 32-ամյա Ա. Կ․-ին, որը եկել է Թուրքիայից և մոտ 10 օրից պետք է ծննդաբերեր, ինչի հետևանքով պտուղը մահացել է։
Զանգահարողը նաև նշել է, որ տանը հնարավոր է զենք պահվի և պահանջել է խուզարկություն իրականացնել։
Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել Հ. Բ․-ին, որը ներկայացրել է իրադարձությունների իր տարբերակը։
Ամուսնու խոսքով՝ կինը հղիության ընթացքում ունեցել է բարդություններ և բուժումներ է ստացել։ Ծննդաբերությունից մոտ երկու շաբաթ առաջ հերթական ստուգման ժամանակ պարզվել է, որ երեխան մահացել է, որից հետո «Շենգավիթ» ԲԿ-ում կատարվել է համապատասխան միջամտություն։
Հ. Բ․-ն կտրականապես հերքել է ծեծի կամ վիճաբանության մասին լուրերը։
Ներկայումս ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները միջոցառումներ են ձեռնարկում՝ պարզելու անհայտ զանգահարողի ինքնությունը, ինչպես նաև հայտնաբերելու Ա. Կ․-ին՝ նրանից ևս բացատրություն ստանալու համար։
Դեպքի առնչությամբ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն՝ հետագա քննության համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։