Արամ Ղազարյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակությանը

Արամ Ղազարյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը փետրվարի 4-ին ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակությանը, որը գլխավորում էր Արագ արձագանքման և վաղ վերականգման վարչության ղեկավար Դեյվիդ Սոխորը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել են Գործակալության ծրագրային աշխատակից Տանյա Ռոհերը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը և ՓԾ ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալությանը՝ 2028 թվականին հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներով արտաքին վերաորակավորման աշխատանքների մենթորությունը ստանձնելու համար։

Նա նշել է, որ Գործակալության և ՆԳՆ փրկարար ծառայության համագործակցությունը ավելի քան երկու տասնամյակ հիմնված է վստահելի և արդյունավետ գործընկերության վրա: Փրկարար ծառայության տնօրենի խոսքով՝ նոր նախաձեռնությունը կարևոր դեր կունենա Հայաստանի քաղաքային որոնողափրկարարական կարողությունների զարգացման գործում։

Նշելով, որ շվեյցարական կողմը մենթորություն է արել նաև 2022 թվականին՝ Դավիթ Սոխորն ընդգծել է, որ հաճելի է կրկին մասնակցել վերաորակավորման գործընթացին և ստանձնել մենթորության պարտականությունը։ Նա նշել է, որ արդեն մեկնարկել են աշխատանքները ՔՈՓ թիմի անդամների հետ։

Դավիթ Սոխորի խոսքով՝ Գործակալության ուշադրության կենտրոնում է կազմակերպչական և թիմի կառավարման համակարգի կատարելագործումը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել նախապատրաստական աշխատանքներն ու վարժանքները՝ լիարժեք համապատասխանեցնելով INSARAG-ի պահանջներին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը, ինչը նպաստելու է հայկական քաղաքային որոնողափրկարարական համակարգի զարգացմանը, միջազգային չափանիշներին համապատասխանեցմանն ու արտակարգ իրավիճակների արդյունավետ արձագանքման կարողությունների ամրապնդմանը։

Պատվիրակության անդամներն աշխատանքային հանդիպում են ունեցել նաև հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի ղեկավար կազմի հետ, քննարկվել են առաջիկա անելիքները։

Leave a comment