«Մեռնիմ ջանիդ, Ազատանը քեզի փեշքաշ, որ մեզ լավ աշես»․ ինչպես Ազատանում ընդունեցին Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ազատան գյուղում դիմավորեցին՝ դհոլներ նվագելով։ Դեռ ոտք չէր դրել, երբ մի տղամարդ մոտեցավ ու ասաց․ «Փաշինյան ջան, գիտեցի, որ Շիրակի մարզի Ազատան համայնքի եզդիները քո կողմն են, էդքան բան»։

Մի ծեր կին էլ, «հոգուդ մեռնիմ, ջանիդ մեռնիմ» արտահայտություններով մոտենալով, սկսեց խոսել  իր մի խնդրից։ Ասաց, որ քրոջը 70 տարի իր տան մեջ պահել է, կուրացել է, 20 տարի էլ նրան կույր վիճակում է պահել, իր փողը՝ 10 հազար, ներդրել է նրա վրա, հիմա ինչո՞ւ փողը չի ստացել։

«Քեզնից գոհ եմ, ջանիդ մեռնի, մեր գյուղն էլ Ազատանը քեզի փեշքաշ, ոտքդ վրա գա,դու մեզի լավ աշես, մեռնիմ քեզի»։ Փաշինյանն ընդհանուր առմամբ բավական անտարբեր էր՝ գրեթե չէր արձագանքում տարեց կնոջ ասածներին, ընդամենը մի պահ փարվեց նրան ու հեռացավ ։

Մի տղամարդ էլ, ցույց տալով հեռախոսն, ասաց․ « Փաշինյան ջան, Յակուտսկից քեզ հատուկ շնորհակալություններ»։

Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակներ խոնարհեց պատերազմի զոհերի հուշարձանին, խոնարհվեց։ Հենց մտավ դահլիճ հանդիպման, մի տարեց տղամարդ ասաց՝ « ձեզ շատ ենք կարոտցել»։ Փաշինյնան էլ իր հերթին ասաց՝» ես էլ ձեզ եմ կարոտցել «ու հարցրեց՝ ե՞րբ էր Ազատանի հոյակերտ դպրոցի բացումը, որ եկել, մասնակցել էր։

Նա այստեղ ևս իր ելույթը սկսեց Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումից՝ սա համարելով դարակազմիկ իրադարձություն։  Խոսեց 2018 թվականին խոստացածը՝ թալանը վերադարձնելուց․ Գագիկ Ծառուկյանի խնամու՝ Գուլոյանի տունը բռնագանձելուց ու ծերերի խնամքի կենտրոն ստեղծելու մասին։ Խոսեց «Արարատի ցեմենտի» գործարանը բռնագանձելուց, ասաց, որ այն Գուլոյան-Ծառուկյան կլանի կողմից խարդախությամբ է սեփականաշնորհվել։

Խոսեց ՀԷՑ-ի բռնագանձումից, ասաց, նախնական վերլուծությունները ցույց են տվել, որ Սամվել Կարապետյանի տիրապետության տակ գտնվելու  ժամանակ  հավելագրումներ են արվել, մոտ  8  միլիոնի հավելագրումներ են հայտնաբերվել՝  ընդամենը երեք տեղամասերում վերլուծություն անցկացնելով։ Փաշինյանն անդրադարձավ ձեռք բերված խաղաղությանը՝ կրկնելով, որ 2025 թվականից սկսած սահմանին ոչ մի զոհ ու վիրավոր չկա։

Նա ասաց, որ Հայաստանը ծաղկում է, նախկինում ոչ ի կառավարություն այդքան ներդրումներ չի արել Շիրակի մարզում, ինչ իր կառավարությունը։

Նիկոլ Փաշինյանն Ազատանում անդրադարձավ նաև ընդդիմության կողմից իրեն թուրքամետության ու ադրբեջանամետության մեջ մեղադրելուն։ «Գիտեք ինչի՞ են մեղադրում, որովհետև ես նախընտրում եm Թուրքիայի և Ադրբեջանի հետ խոսելու ուղին, բայց գիտեք ինչի եմ խոսում, սրանից 5-6 տարի առաջ, երբ Ադրբեջանին բան ունենայինք ասելու, երրորդ երկիր էինք գտնում, իրա միջոցով խաբար էինք ուղարկում Ադրբեջանին և խաբար էինք ստանում, երրորդ երկրի միջոցով, որովհետև չէինք խոսում իրար հետ։ Հետո մեկ-երկու-երեք, ես հասկացա հետևյալը, ոչ մեր խաբարն էր ճիշտ տեղ գնում, հասնում, ոչ էլ նրանց պատասխանը, ընդ որում միշտ չէ, որ չարամտությամբ, երբեմն կան մենթալիտետային նրբություններ, որ իրենք չեն հասկանում։ Ուղիղ խոսելու արդյունքում է, որ խաղաղությունը հնարավոր է դարձել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա քննադատեց ընդդիմությանը, որ նշում են, թե Ղարաբաղի հարցը պիտի հանրաքվեով որոշվի։ «Թող պատասխանեն՝ որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, ոչ մի տեղ գրված չէ, որ հանրաքվեն տեղի էր ունենալու Լեռնային Ղարաբաղում, գրված է՝ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության մասնակցությամբ համաժողովրդավարական հանրաքվե։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հայ և ադրբեջանցի բնակչությունն է, իսկ համաժողովրդական հանրաքվեն պետք է տեղի ունենար ամբողջ Ադրբեջանում։ Այդ մարդիկ, որոնք 20 տարի բանակցել են, չեն հասկացել՝ ինչ են բանակցել կամ հասկացել են, բայց ժողովրդին մինչև էսօր խաբում են, որն ավելի վատ է։ Ես էլի ասում եմ պատասխանատու կերպով՝ Ղարաբաղի շարժումը որոշ անձանց կողմից լարված թակարդ էր, որպեսզի Հայաստանի պետությունը կայանա, և ես ուրախ եմ ու հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը այդ թակարդից դուրս բերելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն Ազատանում ավարտվեց հյուրասիրությամբ, նա մեծ սիրով օգտվում էր սեղանից՝ գյուղացիների հետ քննարկելով ինտենսիվ գյուղատնտեսության, ջերմոցներ հիմնելու հարցը։ Մի կին առաջակեց աչքալուսանք խմել, սակայն նա հրաժարվեց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment