Կընդլայնվեն ԲԿ-ների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն առաջարկում է ընդլայնել բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պահանջները։

Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 5-ի նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին հավանություն տալու վերաբերյալ որոշման նախագիծը։

Նախարարի խոսքով՝ փոփոխության նպատակն է հնարավորություն տալ, որպեսզի բժշկական կազմակերպությունները, մասնավորապես՝ փակ բաժնետիրական ընկերությունները, որպես շահույթ հետապնդող ձեռնարկատիրական կազմակերպություններ, կարողանան իրենց գործադիր մարմիններում ընդգրկել նաև այնպիսի անձանց, որոնց մասնագիտական կրթությունը չի սահմանափակվում միայն բժշկական ոլորտով։

Միևնույն ժամանակ, Ավանեսյանը նշել է, որ այդ անձինք պետք է համապատասխանեն նաև գործադիր մարմիններում աշխատանքի փորձի վերաբերյալ սահմանված պահանջներին։

«Ըստ էության, մենք վերանայում ենք ԲԿ-ների նկատմամբ աշխատանքային հարաբերություններում դրվող պահանջները: Առողջապահության նախարարությունը, սահմանելով զարգացման ուղեծիր ԲԿ-ների համար, հնարավորություն է ստեղծելու, որ հավակնորդները մրցույթի շրջանակներում ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում դրված նպատակներին հասնելու ճանապարհը, ունենան հստակ առաջադրանք և հաջորդիվ արդեն նաև հաշվետու լինեն, թե կառավարման ընթացքում ԲԿ-ն ինչպիսի ֆինանսական, նաև բժշկական արդյունքների է հասել:

Մեզ համար շատ կարևոր է, որ պետական մասնաբաժին ունեցող ԲԿ-ները լինեն ֆինանսապես կայուն, առողջ, զարգացող, ապահովեն նաև պետությանը շահաբաժինների վճարման՝ անընդհատ ավելացող արդյունքներ, և մենք էլ ունենանք չափելի ինդիկատորներ, որոնցով կարող ենք դնել առաջադրանքները, հետո գնահատել մեր կառավարիչների աշխատանքային գործունեությունը»,- ասաց նա:

Նախարարը նաև ընդգծեց՝ ըստ ադմ՝ ոչ թե նախատեսվում է կրճատում, այլ կազմակերպաիրավական ձևի խոշորացում: «Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ որևէ ԲԿ, ամբուլատորիա, ԲՄԿ ՀՀ-ում չի կրճատվում, այլ խոշորանում են կազմակերպաիրավական ձևով, ինչը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել, առավել վարչատնտեսական ծախսերը կրճատել և մեր ֆինանսական միջոցներն ուղղել հենց բժշկական ծառայությունների՝ բարձր որակ ապահովելուն, և ոչ թե, ըստ էության, ոչ անհրաժեշտ ծախսեր իրականացնելուն»,- նշեց Ավանեսյանը:

Leave a comment