Ադրբեջանը Հայաստանի առջեւ դնում է ճիշտ նույնպիսի պահանջներ, որպիսիք Առաջին աշխարհամարտում Ավստրիան առաջադրում էր Սերբիային․ «Հայացք Երևանից»

Պատմական զուգահեռի սկզբունքով դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերյան 44-օրյայից ի վեր Հայաստանի առջեւ դնում է ճիշտ նույնպիսի պահանջներ, որպիսիք Առաջին աշխարհամարտում՝ 1914-ին, Ավստրիան առաջադրում էր Սերբիային։ Ընդ որում՝ պահանջներ ներկայացնելուն համընթաց՝ Ադրբեջանը, Ավստրիայի օրինակով, օգտագործում է որոշակի բառապաշար, որն ունի միջազգային հենք: Օրինակ՝ Արցախի պատերազմը դիտարկում է որպես Հատուկ ռազմական գործողություն (ՀՌԳ): Այդ բառեզրը հետագայում Ռուսաստանը կիրառեց Ուկրաինայի դեմ պատերազմում: Շատ ավելի վաղ Միացյալ Նահանգներն այն օգտագործում էր Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի նկատմամբ եւ այլն:

Ադրբեջանը՝ իրականում լինելով ագրեսոր պետություն, շրջանառության մեջ էր դրել նաեւ Հայրենական պատերազմ եզրը, իսկ պատերազմից հետո պահանջում էր Հայաստանի ապազգայնացումը (դենացիֆիկացիա) եւ ապառազմականացումը (դեմիլիտարիզացիա): Սա եւս միջազգային դիվանագիտական պատմության բառապաշար է, որն օգտագործվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը, ինչ քաղաքականություն է փորձում վարել Հայաստանի ներկայիս ղեկավարությունը եւ արդյո՞ք սա ունի նախադեպեր միջազգային պատմության մեջ: Պատասխանի համար ստիպված ենք անդրադառնալ Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններին եւ դրանից առաջ տեղի ունեցած մի քանի կարեւոր դրվագների:

Առաջին համաշխարհայինից առաջ պարզ էր, որ մեծ պատերազմ է տեղի ունենալու, այսինքն՝ կայսրությունները մտնելու են պատերազմի մեջ, եւ կազմավորվելու են նոր դաշինքներ: Արդեն ստեղծվում էր Անտանտան, մյուս կողմից էլ՝ Գերմանիա-Իտալիա-Ավստրո-Հունգարիա եռակողմ կոալիցիան: Ռուսաստանի ցարը չէր ցանկանում, որ այդ պատերազմը տեղի ունենա եւ հանդես է գալիս մի քանի նախաձեռնություններով, որոնք կարեւոր դերակատարություն էին ունենալու հետագա աշխարհակարգի ձեւավորման գործում: 1899 թ.-ին նա առաջարկում է միջազգային կոնֆերանս հրավիրել Հաագայում եւ ընդունել մի քանի կարեւոր կոնվենցիաներ ու որոշումներ:

Այդ որոշումները վերաբերում էին պատերազմի վարման կանոններին, զինվորականներին եւ ոչ զինվորականներին, այսինքն՝ կոմբատանտներին եւ ոչ կոմբատանտներին, վիրավորների նկատմամբ մարդկային վերաբերմունքին, գերի ընկածների նկատմամբ որոշակի զինատեսակների, փամփուշտների եւ թունավոր նյութերի չօգտագործմանը, որոնք օգտագործվել էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Եվ ամենակարեւորը՝ Հաագայում ստեղծվեց միջազգային դատարան: Այսինքն՝ եթե պետությունների միջեւ վեճեր են ծագում մինչեւ պատերազմ սկսելը, փորձել այդ վեճերը կարգավորել խաղաղ դատական կարգով: Հետո 1907թ.-ին 2-րդ կոնֆերանսն է հրավիրվում ռուսական ցարի նախաձեռնությամբ՝ ինչպես Հաագայում, եւ այդ երկու կոնֆերանսները դառնում են հիմք ապագա աշխարհակարգի ժամանակ:

Այս ամենն ասում ենք մի կարեւորագույն դրվագի համար, որը հատկանշական է այսօրվա հայ-ադրբեջանական հարաբերություններին: Եվ կարծում ենք, որ Ադրբեջանը՝ վարելով իր քաղաքականությունը, հենց սա նկատի ունի: Ինչի՞ մասին է խոսքը: Հիշում ենք, որ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց, երբ Սարաեւոյում իր տիկնոջ հետ սպանվեց Ավստրիայի արքայազն Ֆրանս Ֆերդինանդը, ինչն էլ դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառը: Երբ որ սպանությունը տեղի ունեցավ, Ավստրիան Սերբիային ներկայացրեց 10 կետից բաղկացած վերջնագիր, որի հիմնական կետերին համառոտակի կանդրադառնանք:

Այսպես՝ առաջին կետով Ավստրիան Սերբիայից պահանջում էր իր նկատմամբ երբեք չներկայացնել տարածքային խնդիր եւ Սերբիայի տարածքում մեկընդմիշտ արգելվի տարածքային պահանջի քարոզչությունը: Հաջորդ կետով արգելվում էին Սերբիայի տարածքում ազգայնական կազմակերպությունները, որոնք Ավստրիայի նկատմամբ թշնամական գործողություններ էին իրականացնում: Հաջորդիվ դրվում էր Սերբիայի կրթական համակարգն արմատապես նորացնելու պահանջ՝ փոխել դասագրքերը, վերապատրաստել ուսուցիչներին, արգելել Ավստրիայի դեմ քարոզչությունը եւ այլն: Պահանջվում էր ԶՈՒ-ից հեռացնել այն զինվորականներին, պետական պաշտոնյաներին, որոնք հանդես են եկել Ավստրիայի դեմ՝ զենքով, թե քարոզչությամբ:

Մեկ այլ կետով պետք է թույլատրվել Ավստրիայի համապատասխան ծառայողներին՝ աշխատելու Սերբիայի տարածքում եւ հետաքննելու վերոնշյալ միջադեպերը: Կար հատուկ կետ, որով թիրախավորվում էին այն կոնկրետ անձինք, որոնք այս կամ այն կերպ մասնակցություն էին ունեցել Սարաեւոյում կատարված սպանությանը. նրանք պետք է ձերբակալվեին ու դատվեին: Հետաքննության ու քրեական պատասխանատվության էին ենթակա մասնավորապես Սերբիայից Ավստրիայի տարածք տեւական ժամանակ ապօրինաբար ռազմամթերք տեղափոխած անձինք, այդ թվում՝ սերբ սահմանապահները: Վերջնագրի կատարման ընթացքի մասին Սերբիան պիտի Ավստրիայի կառավարությանը պարբերաբար հաշվետվություն ներկայացներ:

Սրանք, ըստ էության, մեկառմեկ այն կետերն են, որ Ադրբեջանը ներկայացնում է ՀՀ-ին, եւ վերջինս անմռունչ կատարում է: Գործող վարչապետը խոստացել է փոխել ՀՀ պետական խորհրդանիշները՝ զինանշանը, օրհներգը, Սահմանադրությունը, որոնք, իբր, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների տարրեր են պարունակում: Ի դեպ՝ Ադրբեջանը տեղ-տեղ հանդես է գալիս նաեւ Թուրքիայի անունից: Արդեն ազգայնական կազմակերպությունների արգելանքի մասով քայլեր են արվել կամ արվում են՝ առաջին հերթին սահմանափակելով հայաթափված Արցախի եւ արցախահայերի իրավունքները: Չի թույլատրվում, որպեսզի Արցախի ԱԺ-ն կամ պետական որեւէ կառույց Երեւանում գործի որպես վտարանդի մարմին: Անգամ Արցախ բառն է արգելվում արտաբերել:

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment