Հնավայրերը՝ լեռների կատարներին

Փամբակի լեռներում ենք՝ ծովի մակերևույթից մոտ 2400 մետր բարձրության վրա։ Գարուն է, բայց լեռան վերին հատվածներում ձյունը դեռ չի նահանջել։ Ճանապարհը վտանգավոր է․ ամեն քայլափոխի քարաթափումներ, ցեխ, սառցակալած հատվածներ։ Մեր վարորդը՝ եղբորս որդի Մարգարը, մեքենան վարպետորեն անցկացնում է լեռնային ոլորաններով, մինչև վերջապես կանգ ենք առնում։ Այստեղից արդեն պետք է ոտքով բարձրանանք։

Մեզ ուղեկցում է հնագետ Լևոն Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ լեռան գագաթին բոլորովին նոր հուշարձան է հայտնաբերվել՝ մի կառույց, որը կարող է փոխել Հայաստանի բրոնզեդարյան լեռնային մշակույթի մասին պատկերացումները։

Վերջին տարիներին նման հուշարձանների որոնման համար օգտագործվում են արբանյակային լուսանկարներ և դրոնային հետազոտություններ։ Հենց այդպես էլ նախապես նշվել էր այս գագաթը՝ Գեղարքունիքի ու Տավուշի սահմանագծին ձգվող երկարավուն հրվանդանի վրա։

Բարձրանում ենք գագաթ։ Մեր առջև աստիճանաբար բացվում է մի աշխարհ, որտեղ լեռը կարծես վերածված լինի ծիսական բեմի։

Հրվանդանի կենտրոնական հատվածում՝ քարերի հսկայական կուտակման մեջ, երևում է շրջանաձև կառույցը։ Մոտ 30 մետր շառավղով, միջին չափերի քարերով կառուցված այս հսկայական հարթակը Լևոն Մկրտչյանը կոչում է «զրահ-հարթակ»՝ նոր գիտական տերմին, որով նա բնորոշում է Հայաստանի բարձրադիր լեռնագագաթներին հանդիպող յուրահատուկ քարաշեն համալիրները։

«Այսպիսի հուշարձանները պարզապես պաշտպանական կառույցներ չէին։ Դրանք լեռնային ծիսական լանդշաֆտների կենտրոններ էին, որոնք իշխում էին ոչ միայն տարածության, այլև մարդկային երևակայության վրա», -ասում է հնագետը։

Նրա խոսքով՝ նման հուշարձաններ արդեն ֆիքսվել են Հայաստանի տարբեր լեռնաշղթաներում, և գրեթե բոլոր տեսանելի գագաթներին նախապես նշված են նոր հետազոտական կետեր։ Ստացվում է, որ լեռների այս գագաթներին հազարավոր տարիներ առաջ գոյություն է ունեցել մինչ այժմ գրեթե չուսումնասիրված մոնումենտալ աշխարհ։

Դրոնը բարձրանում է օդ։ Ուժեղ քամին խանգարում է նկարահանումներին, և Լևոնը ստիպված է սարքը ցածր բարձրության վրա կառավարել։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում բացվող տեսարանը ապշեցուցիչ է․ այս գագաթից երևում են Սևանա լիճը, Ծովագյուղը, Սեմյոնովկան, Տավուշի ու Կոտայքի լեռնային տարածքները։

 

Այստեղ պատահական ոչինչ չկա։

Հարթակի շուրջը դամբարաններ են։ Մեկը՝ մոտ 10 մետր տրամագծով, մյուսները՝ ավելի փոքր։ Ոմանք արդեն բացված են հին ժամանակներում կամ գանձախույզների կողմից։ Հրվանդանի վերին հատվածում դամբարանները գրեթե կպած են միմյանց՝ կազմելով քարաշեն մահվան լանդշաֆտ։

Քիչ հեռու պահպանվել են մոտ 4 քառակուսի մետր մակերես ունեցող փոքր կառույցի հիմքեր։ Հարավային կողմից ունեցել է մուտք, իսկ մուտքի աջ անկյունաքարի հարթ երեսին փոսորակներ են քանդակված։ Հնագետները դեռ չեն շտապում մեկնաբանություններ անել, բայց ակնհայտ է՝ այստեղ կատարվել են հատուկ գործողություններ կամ ծեսեր։

Հրվանդանի հարավային կողմը գրեթե անանցանելի ժայռեր են։ Սակայն մի հատվածում պահպանվել է մոտ երկու մետր լայնությամբ ճանապարհ։ Հավանաբար, հենց այստեղով են հազարավոր տարիներ առաջ մարդիկ բարձրացել դեպի սրբազան գագաթ։ Ամենախորհրդավոր հատվածը գտնվում է հարթակի կենտրոնում։ Այստեղ կա շրջանաձև խուց կամ խցանման կառուցվածք, որի ներսում ընկած էր մի առանձնահատուկ քար։ Այն ակնհայտորեն տարբերվում է ամբողջ կառույցի մյուս քարերից։ Կարծես հատուկ բերված ու մշակված լինի։ Չափում ենք։ Մոտ 60 սմ երկարություն, 30 սմ լայնություն և 20 սմ հաստություն։

Ի՞նչ էր սա։ Կոթո՞ղ, Ծիսական առա՞րկա, Աստվա՞ծ։ Թե՞ մահվան հետ կապված անհայտ արարողության կենտրոնական խորհրդանիշ։ Առայժմ ոչ ոք հստակ պատասխան չունի։ Բայց մի բան արդեն պարզ է․ Հայաստանի լեռների գագաթներին դեռ պահպանվել է մի հնագույն աշխարհ, որի իրական նշանակությունը մենք նոր ենք սկսում հասկանալ։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment