2026 թվականի փետրվարի 6-ին Երեւանում ԱՄՆ դեսպանությունը հայտնեց, որ Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։
«Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում եւ առաջարկների մշակում երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների ձեւավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն եւ տարածաշրջանային ինտեգրում»,- ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:
Մեդիամաքսը տեղեկություններ է հավաքել AECOM-ի մասին։
1. Ի՞նչ է AECOM-ը:
AECOM-ը ամերիկյան ընկերություն է: Գլխավոր գրասենյակը Դալասում է, Տեխաս նահանգում։ Հիմնադրվել է 1990 թվականին, թեեւ նախորդող ընկերությունները ավելի քան 120 տարվա պատմություն ունեն։
Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE: ACM)։ 2024 ֆինանսական տարում AECOM-ի հասույթը կազմել է 16,1 մլրդ դոլար։
Ընկերությունը աշխատում է ավելի քան 150 երկրներում եւ 51 000 աշխատակից ունի։
2. Ի՞նչով է զբաղվում ընկերությունը:
AECOM-ը տրամադրում է համապարփակ խորհրդատվական ծառայություններ ենթակառուցվածքների ոլորտում, ներառյալ՝
• Ինժինիրինգ եւ նախագծում;
• Քաղաքաշինություն եւ ճարտարապետություն;
• Տրանսպորտային ենթակառուցվածքներ (երկաթուղիներ, ավտոճանապարհներ, օդանավակայաններ, նավահանգիստներ);
• Ջրամատակարարում եւ բնապահպանական ծառայություններ;
• Էներգետիկ եւ էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներ;
• Շինարարության եւ ծրագրերի կառավարում;
• Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատում;
• Ռիսկերի կառավարում եւ կայունության պլանավորում:
3. Ի՞նչ երկաթուղային նախագծեր է իրականացրել AECOM-ը:
Վարշավայի երկաթուղային հանգույցի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը (ավելի քան 900 կմ երկաթուղային գծեր)։
Արագընթաց երկաթուղու եւ հասարակական տրանսպորտի նախագծեր Ասիայում (Հոնկոնգ, Թաիլանդ, Մալայզիա, Սինգապուր)։
4. Ընկերությունը նախկինում աշխատե՞լ է տարածաշրջանում:
2018 թվականի սեպտեմբերին AECOM-ը ավարտել էր Կասպից ծովում Azeri Central East (ACE) նավթային նախագծի բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատումը (ESIA)։
AECOM-ը ակտիվորեն համագործակցել է Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի (ՎԶԵԲ) հետ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրերի մշակման համար Սամարղանդում (Ուզբեկստան) եւ Տիրանայուն (Ալբանիա)։
5. Ի՞նչ խնդիրների է բախվել AECOM-ը:
2005 թվականին AECOM-ը ներգրավված էր Նոր Օրլեանում Կատրինա հովվամրրիկի վերականգնողական աշխատանքներում եւ 11,8 մլն դոլար վճարեց՝ ԱՄՆ Դաշնային արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը (FEMA) ներկայացված կեղծ պահանջների մեղադրանքները կարգավորելու համար:
AECOM-ի նախկին ֆինանսական վերահսկիչ Հասան Ֆորմանը պնդում էր, որ Աֆղանստանում ընկերությունը հաշիվներ էր ներկայացնում չմատուցած ծառայությունների համար։
Violation Tracker ծառայության տվյալներով, AECOM-ին եւ նրա դուստր ընկերություններին 2000 թվականից ի վեր դուրս են գրվել տուգանքներ՝ ընդհանուր 134,3 մլն դոլարի չափով։
Չնայած նշված եւ այլ խնդրահարույց հարցերին, AECOM-ը պահպանում է իր կարգավիճակը Fortune 500 ցուցակում եւ առաջատար դիրքերը ոլորտում։
6. Ի՞նչն է կապում AECOM-ը Թրամփի հետ:
AECOM-ի ինժեներական թիմը ներգրավված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Սպիտակ Տան տարածքում կառուցվող հանդիսությունների սրահի աշխատանքներում:
Սրահը կառուցելու համար 2025 թվականին ապամոնտաժվել էր Սպիտակ Տան մի հատվածը: Ամերիկյան մամուլի հրապարակումների համաձայն, դա արվել էր առանց համապատասխան մարմինների թույլտվության: