Առաքելոց բնակատեղին ու վանական համալիրը

Ապրիլի 8-ից ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) արշավախումբը հնագիտական ուսումնասիրություններ ու պեղումներ է իրականացնում ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի մոտ գտնվող Առաքելոց հնավայրում և համանուն վանական համալիրում։ Այս կարևոր աշխատանքներն իրականացվում են Զալցբուրգի (Ավստրիա) համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ համագործակցությամբ։

2025 թ․ Յասմին Դում-Թրագուտը ներկայացրել էր «Առաքելոց վանք և բնակատեղի․ ապագայի տեսլականները» նախագիծը, և ի ուրախություն մեզ՝ նախագիծն ընդունվեց, ու Առաքելոց բնակատեղին ու վանական համալիրը ներառվեցին Եվրոպա Նոստրայի 7 ամենավտանգված հուշարձանների շարքում։

Եվ այժմ ՀԱԻ գիտաշխատող, հնագետ Համազասպ Աբրահամյանի ղեկավարությամբ  Առաքելոցում կատարվում են ուսումնասիրություններ ու պեղումներ։ Արշավախմբի կազմում են Զալցբուրգի համալսարանից Յասմին Դում-Թրագուտը, Ռոման Պլիտլը, ՀԱԻ-ից՝ GIS քարտեզագիր, հնագետ Արտյոմ Անանյանը, ճարտարապետ Գայանե Ըռքոյանը։ Պեղումների գիտական խորհրդատուն է պ․գ․դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

Աշխատանքներում ընդգրկված են նաև Աճարկուտի բնակիչներ Գոռ Վարդանյանը, Արթուր Բաղմանյանը, Էմիլ Եսայանը, Արա Ավետիքյանը և Սեյրան Մելիքյանը։ Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ եղա Առաքելոց բնակավայրի տարածքում։

Զրուցեցի արշավախմբի ղեկավար Հ․ Աբրահամյանի և Յ. Դում-Թրագուտի հետ։ Յասմինն ասաց․ «Այստեղ շատ կարևոր ծրագիր ենք կատարում․ անցած տարի Առաքելոց բնակատեղին ու վանական համալիրը ներառվել են Եվրոպա Նոստրայի 7 ամենավտանգված հուշարձանների շարքում։ Համագործակցելով Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և այլ կազմակերպությունների հետ։ Այս պահին հնավայրում են նաև Եվրոպա Նոստրայի և Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության ներկայացուցիչներ, ովքեր այստեղ են եկել Իսպանիայից ու Հոլանդիայից, որպեսզի տեսնեն մեր կատարած աշխատանքները, ինչ է իրենից ներկայացնում հնավայրը, վանքը։ Նաև հանդիպումներ են ունենալու ՀՀ համապատասխան կառույցների պատասխանատուների հետ, նաև՝ Մայր աթոռում։ Հանդիպումների ընթացքում ներկայացվում և քննարկվում է ծրագիրը։ Այսպիսով` կակտիվանա տարածքը, ավելի շատ մարդ կճանաչի պատմական այս հնավայրը։ Բացի այդ ուսումնասիրություններ ենք իրականացնում տարածքում, որտեղ շատ պատմական հուշարձաններ կան։ Առաքելոցը միջնադարում շատ կարևոր կենտրոն է եղել, և փորձում ենք միջազգային աջակցությամբ այն հետազոտել»։

Ապրիլի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվել էր Առաքելոց վանական համալիրի վերաբերյալ միջազգային սիմպոզիումը՝ Զալցբուրգի համալսարանի և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ միջև համագործակցության շրջանակներում:

Հնագիտական արշավախմբի ղեկավար Հ․ Աբրահամյանը տեղեկացրեց՝ ինքը և խմբի ճարտարապետն ու քարտեզագրողը «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի անդամներ են։ Նշեց նաև՝ ուսումնասիրվող վանական համալիրն առանձնանում է և ճարտարապետությամբ, և ժամանակագրությամբ՝ հաշվի առնելով տեղում արձանագրությունների սակավությունը և գրականությունում հուշարձանի մասին քիչ տեղեկությունները։

Իհարկե պատերին կան նվիրատվական արձանագրություններ, և որոնցով էլ վանական համալիրը թվագրվում է 13-14-րդ դդ․։ Տարածքում գոյություն ունեցող կառույցները՝ պարիսպները եկեղեցին, գավիթը, այլ նպատակով օգտագործված շինությունները տարբեր ժամանակներում են հիմնվել, որն էլ դժվարացնում է ճիշտ թվագրել հնավայրը։ Այս առումով ևս վանքը հետազոտությունների կարիք ունի։ Վանքի մասին առաջին հիշատակությունները կան Սարգիս Ջալալյանցի «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» երկում (հ. 1, 2, 1842, 1858 թթ.), Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատությունում։ Հետագայում վանքի մասին հիշատակել են, տեղում ուսումնասիրություններ են կատարել Ի․ Էլարյանը, Գ․ Սարգսյանը, պեղումներ է իրականացրել Հայկ Եսայանը։ Ներկա պեղումներից հայտնաբերված առարկաները թվագրվում են 13-14-րդ դարերով։ Նույն ժամանակին են պատկանում նաև Եսայանի կողմից հայտնաբերվածները։

Առաքելոց վանքի մասին կարևոր անդրադարձ կա, և արձանագրությունները վերծանվել են «Դիվան հայ վիմագրության» 6-րդ պրակում։  Ներկայիս պեղումների արդյունքում պետք է պեղվի զանգակատան հատվածը՝ ընդհանուր ճարտարապետությունը հասկանալու համար։ Պետք է պեղվի նաև եկեղեցու հյուսիսարևելյան անկյունը և տանիքը՝ ճշտելու եկեղեցու և պարսպապատի հարաբերությունը։

Գիտական առումով հնագետներին հետաքրքրում է պարիսպներին կից կառույցների նախնական, ինչպես նաև տարածքի ձիթհանի, քարավանատան, բաղնիքի, մատուռների, կամրջի և այլ շինությունների նշանակությունը։ Հ․ Աբրահամյանը նշեց՝ պեղումների առաջին շրջանում ընտրել են մուտքի հատվածը, որում ներառված են հատված պարսպապատից, հատված տապանաբակից ու նախագավիթ-զանգակատունն ամբողջությամբ։ Արշավախմբի ղեկավարը հույս հայտնեց՝ վանական համալիրի հետագա պեղումները կշարունակվեն այս տարվա ընթացքում։ Նշեց նաև՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսել է վանքի վերականգնումը, այդ է պատճառը, որ առայժմ պեղումներն իրականացնում են եկեղեցու մերձ հատվածներում, որ հասցնեն ավարտեն, մինչ վերականգնողական աշխատանքների սկսելը։

Պեղումների ընթացքում հողի տակից դուրս են բերվել 150-ից ավելի ճարտարապետական դետալներ, որոնք չափագրվել են, համարակալվել, որ ապագա շինարարական աշխատանքների ընթացքում օգտագործվեն։  Պեղումների առաջին շրջանն ավարտվեց 2026թ․ ապրիլի 23-ին։

Կիսավեր վիճակում գտնվող Առաքելոց վանական համալիրը գտնվում է Աճարկուտ գյուղից 3 կմ արևմուտք, անտառապատ լեռների լանջին, Կիրանց, ըստ «Դիվան հայ վիմագրության»՝ Կունեն գետակի (տեղացիների ասելով՝ Քարահան) ձախափնյա բլրակի վրա՝ համանուն գյուղատեղիի կենտրոնում: Այն միջնադարյան Հայաստանի ուշագրավ վանական համալիրներից է՝ բաղկացած երկու եկեղեցուց, գավթից, զանգակատնից, բնակելի և օժանդակ շինություններից: Ողջ համալիրը շրջապատված է եղել բարձր, բուրգ-աշտարակներով ամրացված, հաստ պարիսպներով: Պարսպից դուրս բնակավայրի տարածքում պահպանվել են միջնադարյան ձիթհան, կամուրջ, քարավանատուն, մատուռներ, տների և այլ շինությունների հիմքեր, թևավոր խաչքար, այլ քարակոթողներ։

Առաքելոցի 13-րդ դարում կառուցված կաթողիկե եկեղեցին, որն ուղղանկյուն հատակագծով, 10,25 մետր x 7,45 մետր արտաքին չափերով գմբեթավոր դահլիճ է, կանգուն է վանական համալիրի հյուսիսարևմտյան կողմում՝ անտառապատ բլրակի վրա: Եկեղեցու հյուսիսային պատն ընդհանուր է հիմնական պարսպի հետ, որն այդ կողմում ունի բուրգ-աշտարակներ։ Դեղնակապտավուն քարով կառուցված տաճարի միակ ու գավթի մեջ բացվող մուտքն արևմտյան կողմից է: Պատերը դրսից սրբատաշ են, ներսից՝ կոպտատաշ: Ներսում պահպանվել են որմնանկարների մնացորդներ, որոնք հազիվ են նշմարվում: Ինչպես ընդունված է՝ գավիթը, որը 10,4 մետր x 9,5 մետր չափերով, ուղղանկյուն հատակագծով է, կից է գլխավոր եկեղեցուն արևմտյան կողմից:

«Դիվան հայ վիմագրության» գրքում գավթի մասին գրված է․ «Առաքելոց վանքի այս գավիթը միջնադարի ճարտարապետության մեջ եզակի է իր ծածկի թաղակապության և երդիկի յուրահատուկ հորինվածքով, որը հիշեցնում է ժողովրդական գլխատների տանիքի և երդիկի հազարաշեն կառուցվածքը, միայն այն տարբերությամբ, որ գլխատների փայտյա գերանների փոխարեն այստեղ օգտագործված են մշակված և նույնպիսի գերանների ձև տված քարե հեծաններ» (Երևան 1977թ․, ՀԽՍՀ ԳԱ ՀԱԻ հրատ․, պրակ 6, էջ՝ 200)։ Գավթի հարավարևմտյան անկյունում կից է 3,5×2,5 մ չափերով զանգակատունը, որի  քառակուսի հատակագծով, կամարակապ, թաղակապ շինությունից մնացել են որմնասյուների ներքին շարվածքները: Արևմտյան պատը ընդհանուր է եղել պարսպի հետ, իսկ հյուսիսայինը՝ գավթի հարավային պատի հետ: Պահպանվել են դրանց որմնասյուներն ու որմնակամարները: Հարավարևմտյան որմնասյան վրա կան արձանագրություններ․, որոնցից է  հետևյալը․ «Ի ԹՎ. ՉԽԲ(742+551=1293)…

ԿԱՄՒ ԲԱՐԵՐԱՐԻՆ ԱՅ ՈՒ ՈՂՈՐՄՈՒԹԲ ԱԹԱ-

ԲԱԿ ՈՒ ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ ԽՈՒԹԼՈՒԲՈՒՂԻՆ ԵՍ ԳՐԻԳՈՐ ԹՈՌՆ Խ(Ա)Չ-ԷՆ-

ԻՍԵԱՆՑ ՄԻԱԲԱՆԵՑԱ ՍԲ ԱՌԱՔԵԼՈՑՍ ԻՄ ՀԱԼԱԼ ԱՐԴԵ(Ա)Մ(Բ)Է ԵՒ ԲՆԱԿԻՉՔՈՒԽՏԻՍ ԵՏՈՒՆ Բ ՊԱՏԱՐԱԳ Ի ՏԱՒՆԻ ՍԲ ԳՐԻԳՈՐԻ ԳԻՒՏ ՆՇԽԱՐԱՑՆ ԿԱՏ-ԱՐԻՉՔՆ ԱՒՐՀՆԻՆ ՅԱՅ ԵՒ ԽԱՓԱՆՈՂՔՆ ԴԱՏԻՆ Ի ՏԷ ՍՏԵՓ[ԱՆ] ԳԾ[ՈՂ]»  («Դիվան հայ վիմագրության» (Երևան 1977թ․, էջ՝ 203) 6-րդ):

Պեղումների արդյունքում զանգակատան հարավային կողմում բացվել են տապանաքարեր։ Եկեղեցու հարավային պատի մոտ, պատվանդանի վրա կանգնեցված է կարմրավուն տուֆից կերտված Սբ. Կարապետ գեղաքանդակ և բարձրարվեստ, 235x115x27,5 սմ չափերով խաչքարը, որի խաչից վերև, բուսական քանդակների մեջ Քրիստոսն է՝ բազմած գահին՝ ձեռքերը տարածած․ մատնացույց է անում շրջանակի վրա փորագրված պատվիրանը։ Քրիստոսի 2 կողմերում պատկերված են հրեշտակներ։  Խաչքարի վրա կա 3 արձանագրություն։ «Դիվան հայ վիմագրության» (Երևան 1977թ․, ՀԽՍՀ ԳԱ ՀԱԻ հրատ․, էջ՝ 205-206) 6-րդ պրակում կա արձանագրությունների վերծանումը։ Երեսին, խաչի թեք մակերեսներին, շուրջանակի, սկսած խաչի ձախակողմի ստորին մասից, մեկ տողով, չափածո.

«ՈՎ, ՔԱՌԱԹԵՒ ՍԲ ՊԱՆԾԱԼԻ, ՓՐԿԱԳՈՐԾՈՂ, ՄԱՐԳԿԱՆ ԱԶԳԻ, ՏԵՍԻԼ ՓԱՌԱ8 ԱՆՃԱՌԵԼԻ, ՅՈՐԺԱՄ ՓԱՅԼԵՍ ԸՆԳ ԱՄԲՍ ԵՐԿՆԻ, ԼԵՐ ՐԱՐԵԽԱՒՍ Տ[ԵԱՌ]Ն Յ[ԻՍՈԻՍ]Ի, ԿԱՐԱՊԵՏԻՆ՝ ՔՈ ԿԱՆԳՆՈՂԻՆ. ԱԼՄԿԱՆՆ՝ ԻԻՐ ԿԵՆԱԿՑԻՆ, ԵԻ ԶԱՒԱԿԱՑՆ ԳՈՎԵԼԻ, ՀԱՄԱՅՆ ԱԶԳԱՑՆ, ՈՐ Ի ԿԱՐԳԻ, ՔԱԻԻԶ ՄԵՂԱՑ ԼԵՐ ԱՄԵՆԻ»։ Կենտրոնական մասի աջ և ձախ կողմերին, հորիզոնական մեկ տողով.

«ՍԲ ԽԱԶՍ ՍԲ ՍԲ ԽԱԶՍ ԱՒԵՏԵՑ[Ն] Է»։

Ճակատին, Քրիստոսի բարձրաքանդակի ձեռքի վրա և կլոր շրջանակին, 1 տողով.

«ԵՍ ԵՄ ԼՈՅՍ ԸՆԴ ՀԱԻՐ ԲԱՐԱՐԵԼՈ ԱՆԸՍԿԸՍԲԱՆ։ ԿԱՐԱՊԵՏԻՆ ԼԵՐ ԱԻԳՆԱԿԱՆ»։

Համալիրի հարավային կողմում պահպանվել են օժանդակ կառույցների ավերակներ և մի եկեղեցի։

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment