Իշխանությունները մտադիր են էմոցիոնալ հայտարարություններով նվազեցնել ընտրողների ընդհանուր մասնակցության մակարդակը և չեզոքացնել ընդդիմադիր կոալիցիայի ձևավորումը, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը որդեգրել է «էմոցիոնալ ու ագրեսիվ» հռետորաբանություն։ Նպատակն է նվազեցնել ընտրողների ընդհանուր մասնակցության մակարդակը, մոբիլիզացնել սեփական հավատարիմ զանգվածին և հետընտրական փուլում լիակատար չեզոքացնել ընդդիմադիր կոալիցիայի ձևավորման հնարավորությունը։
Սակայն, ըստ լրատվականի, վերջին օրերի կոշտ պահվածքն ավելի շատ հակառակ արդյունքն է թողել՝ ակտիվացնելով նախկինում տատանվող ընտրազանգվածին, որը գիտակցել է նմանատիպ կարգավիճակում հայտնվելու սեփական ռիսկերը։
Միևնույն ժամանակ, ընդդիմադիր կոալիցիա ձևավորելու հնարավորության չեզոքացման նպատակով իշխանություններն այժմ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ հետապնդումներին զուգահեռ, թիրախ են դարձրել նաև Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Քանի որ ԲՀԿ-ի գրանցումը կասեցնելն իրավական ճանապարհով բարդ է, փորձ է արվում քաղաքական ու տնտեսական ճնշումների միջոցով ստիպել Ծառուկյանին սեփական կամքով դուրս գալ ընտրապայքարից, ինչը թույլ կտա կանխել ընդդիմադիր միասնական ճակատի ստեղծումը, պարզաբանել է թերթը։
Armenia Today