Նոայի դարպասապահի հավաքականը կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելուց

Նոայի դարպասապահի հավաքականը կարող է զրկվել ԱԱ-2026-ին մասնակցելուց

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականը կարող է զրկվել 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից, եթե թիմը չպահպանի խիստ ինքնամեկուսացման կանոնները։ Պատճառը երկրում Էբոլա վիրուսի նոր բռնկումն է։

Կոնգոյի ԴՀ-ի ազգային հավաքականի կազմում է հանդես գալիս Հայաստանի չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն:

ԱՄՆ-ի Սպիտակ տան՝ ԱԱ-2026-ի նախապատրաստական աշխատանքների գծով աշխատանքային խմբի գործադիր տնօրեն Էնդրյու Ջուլիանին ESPN-ի հետ զրույցում հայտնել է, որ թիմը պարտավոր է 21-օրյա խիստ կարանտին անցնել Բելգիայում, որտեղ այժմ Կոնգոյի ԴՀ-ն մարզվում է և պլանավորում ընկերական հանդիպումներ անցկացնել։ Ավելի վաղ, աֆրիկյան հավաքականը համաճարակի տարածման վտանգի պատճառով ստիպված էր եղել չեղարկել հայրենիքում՝ Կինշասայում նախատեսված ուսումնամարզական հավաքը:

«Մենք շատ հստակ հասկացրել ենք Կոնգոյի ԴՀ-ին, որ նրանք պետք է պահպանեն իրենց «փուչիկի» [խմբ.՝ մեկուսացված գոտու] ամբողջականությունը 21 օրվա ընթացքում, նախքան հունիսի 11-ին Հյուսթոն ժամանելը: Նույնը փոխանցել ենք նաև երկրի կառավարությանը. մեկուսացման կանոնները չպահպանելու դեպքում նրանք ռիսկի են դիմում զրկվել Միացյալ Նահանգներ մեկնելու հնարավորությունից։

Մենք արտահայտվել ենք առավելագույնս պարզ. ուզում ենք համոզված լինել, որ ոչ մի վիրուս չի թափանցի մեր սահմաններից ներս կամ նույնիսկ չի մոտենա մեր տարածքին»,- հայտարարել է Ջուլիանին:

Եթե Թիմոտի Ֆայուլուի հավաքականը չկատարի այս պահանջը, ապա ԱԱ-2026-ի դռները նրանց առջև վերջնականապես կփակվեն։

Leave a comment