Փաշինյանը ուշացել է | armlife.am

Փաշինյանը իր հիմնական քաղաքական հակառակորդներին հռչակել է գործակալներ, ԲՀԿ համասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող, Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հայրենիքի դավաճանության մեղադրանքով: Թևանյանը մեղադրվում է ԱԺ փակ նիստից ինչ- որ տեղեկություններ փոխանցելու դիմաց 622 հազար դոլար ստանալու մեջ: Եթե անկեղծ լինենք, Փաշինյանը ցանկացած տեղեկություն պատրաստ է թշնամուն հանձնել անհամեմատ ավելի էժան` կես գնով, այնպես որ, եթե ինչ– որ մեկին նման տեղեկություններ անհրաժեշտ լինեին, ապա նրանք ուղիղ կդիմեին Փաշինյանին: «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վրա Փաշինյանը փորձեց ռուսական հատուկ ծառայության աշխատակցի գործ կարել, բայց չստացվեց: Այս ամենը հիշեցնում է միջնադարյան Եվրոպան, երբ քաղաքական և կրոնական հակառակորդներին չեզոքացնելու ամենատարածված և ամենահեշտ ձևը դարձել էր նրանց վհուկ կամ կախարդ հռչակելը և գետում խեղդելը: Փաշինյանը փորձում է նույնը կրկնել Հայաստանում, դե նա չի էլ թաքցնում, որ ինքը եվրոպամետ է, ուղղակի ոչ թե ժամանակաից, այլ միջնադարյան:

Ինչո՞ւ հենց լրտեսություն, գործակալություն և դավաճանություն: Շատ պարզ. արդեն տարիներ շարունակ հայ հասարակությունը հենց Փաշինյանին և նրա շրջապատին է կասկածում թուրքական, ադրբեջանական գործակալ և լրտես լինելու մեջ, կասկածում և ներքին համոզում ունի, որ Փաշինյանը դավաճան է․ դավաճանում է Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը՝ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի:  Այդպես է թե՞ ոչ, հնարավոր կլինի պարզել միայն իշխանափոխությունից հետո, որովհետև Հայաստանի պետական կառավարման մարմինները, նրանք, որոնք պետք է բացահայտեին Փաշինյանի և նրա թիմի հանցավորությունը, գտնվում են նրա վերահսկողության տակ, և փոխարեն ծառայելու պետությանն ու ազգային անվտանգության ապահովմանը, ծառայում են նրան, սպասակում են նրա անձնական և խմբային շահերը: Շատ լավ տեղեկացված լինելով, որ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է, հիմա նա փորձում է իր վրայից մեղադրանքը ցրելու համար, նույնում մեղադրել իր քաղաքական հակառակորդներին՝ գործակալը ես չեմ, գործակալը դուք եք, դավաճանը ես չեմ, դավաճանը դուք եք պրիմիտիվ գործելաոճով:

Հարցն այն է,  թե արդյո՞ք Փաշինյանին կհաջողվի դա մարսել, այսինքն, երկրում ստեղծել համատարած վախի, տեռորի և բռնաճնշումների սպառնալիքի այնպիսի միջավայր, որի պայմաններում նրա քաղաքական հակառակորդները ստիպված կլինեն լռել և առավել ևս՝ չգործել: Տեսականորեն դա հնարավոր կլիներ, եթե Փաշինյանը տոտալ բռնապետություն հաստատեր սրանից մի տարի առաջ, իրեն հայտարարեր Հայաստանի հավերժ տիրակալ և չեղարկեր ընտրությունները, իսկ բոլոր ընդդիմացողներին կամ սպաներ կամ ուղղակի կալանավորեր: Սա այնքան էլ անհավանական տարբերակ չի, աշխարհի պատմության մեջ հարյուրավոր և հազարավոր նման օրինակներ կան, այդ թվում և 20-21-րդ դարերում: Փաշինյանը ուշացել է: Նրա իշխանությանը մնացել է ընդամենը 15 օր, խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին: Փաշինյանը իշխանություն ունի մինչև հունիսի 7-ը, և դրա մասին գիտեն նաև նրան հնազանդորեն ծառայող ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնք պարտադրված են կատարել նրա ապօրինի  հրահանգները: Հունիսի 7-ից նրա իշխանությունը վերանում է, և ինչպես հայտնի հեքիաթում թագավորական կառքը վերածվում է դդումի, իսկ իշխանության մեջ եղած դդումները՝ առանց ռեպրեսիվ ապարատի նկատմամբ վերահսկողության, վերածվում են բիոզանգվածի:

Տեսականորեն Փաշինյանը մի ելք դեռ ունի`չեղարկել ընտրությունները, և իրեն հռչակել իշխանության հավերժ սեփականատեր, մի բան, որ օրինակ արել է Ուկրաինայի ղեկավար, Փաշինյանի սիրելի  Վլադիմի Զելենսկին, ում լիազորությունների ժամկետը լրացել է արդեն երկուսուկես տարի, բայց նա հրաժարվում է նախագահական ընտրություններ կազմակերպել՝ պատճառաբանելով, որ պատերազմող երկրում ընտրությոններ անցկացնել չի կարելի, իսկ բռնապետություն հաստատել՝ կարելի է: Բայց Փաշինյանի այդ հնարավորությունը միայն տեսական է, այն գործնականում հնարավոր չէ իրականացնել: Եթե նա փորձ անի չեղարկել ընտրությունները, իսկ այդ լրտեսամանիան կամ գործակալամանիան նաև այդ նպատակով է իրականացվում, ապա հանրային դժգոհությունը, որը գեներացվել է վերջին հինգ տարիներին, և որը պետք է իր դրսևորումը ստանա ընտրությունների միջոցով , միանգամից ժայթքելու է փողոց: Իսկ փողոցով իշխանություն  կորցնելը Փաշինյանի և նրա իշխանության համար կարող է ողբերգական հետևանքներ ունենալ: Դրա համար նա կգերադասի իշխանությունը հանձնել ընտրություններով, քան կորցնել փողոցում, և հենց այդ պատճառով չի գնա ընտրությունների չեղարկման ճանապարհով:

Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր սկսվել, բայց ինչպիսի խայտառակ ավարտ է ունենում:

Armlife.am

Leave a comment