Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում ամեն անգամ կրկնելու, որ Ղարաբաղյան շարժումը փակված է։ Սա հանրությա՞նը, թե՞ դրսի դերակատարներին, այդ թվում՝ հարևաններին ուղղված մեսիջ է։ «Բնականաբար, հիմնականում իր տերերին, բայց նաև ներքին լսարանին։ Տերերին ի՞նչ առումով է ուղղված. թե՛ ինքը, թե՛ իր տերերը շատ լավ հասկանում են, որ Արցախյան հարցը փակ չէ։ Ավելին՝ Արցախյան հարցը Նիկոլը չի բացել, որ Նիկոլը փակի, առավել ևս՝ մեզանից որևէ մեկը չի բացել, որ որևէ մասնակցություն ունենանք այդ հարցի փակմանը։ Ժողովուրդը ժամանակին որոշում է կայացրել, և նա բնավ էլ նպատակ չունի այն փակելու։ Վերջին սոցհարցումները փաստում են, որ ժողովրդի մեջ չկա ընկալում Արցախի հարցի փակման, և այն շոուները, որ Նիկոլը մեկ-երկու ինչ-որ խամաճիկների միջոցով փորձում է անել, զուտ բեմականացում է հիմնականում արտաքին լսարանի, իր տերերի համար։
Իր հիստերիան նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ իրեն կառավարելու, իշխելու այդ ժամանակահատվածը, Հայաստանում ցոփ ու շվայտ կյանք վարելու հնարավորությունը տրվել է զուտ Արցախի հարցը փակելու համար, Հայաստանը այս պրոբլեմների մեջ ներքաշելու համար։ Նա նախ և առաջ իր տերերին պետք է իր հիստերիկ պահվածքով ցույց տա, ընդ որում՝ հրաշալի բեմականացված հիստերիայով, որ Արցախի մասին հիշատակումն իրեն կատաղության է հասցնում, որովհետև այդ հարցը փակ է, այդպիսի հարց գոյություն չունի՝ դրանով հանգստացնելով, հանդարտեցնելով ու նաև մոլորեցնելով իր տերերին այն առումով, որ համարեն՝ իրենց պահանջները կատարվում են։ Մեր երկրում ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող, այստեղ իշխում է բռնապետը, տիրում է բռնապետություն, ահաբեկում են սեփական ժողովրդին, շանտաժի են ենթարկում, «փռում» են ասֆալտին, կեղեքում են, ծաղրում, բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներին դիմում են, որպեսզի ժողովրդին պահեն վախի մեջ։ Նորմալ իշխանությունները հաջողում են այն պարագայում, երբ ոչ թե վախենում են արտաքին գործընկերներից և թշնամիներից, այլ՝ սեփական ժողովրդից։ Այն պահից, երբ իշխանությունը կվախենա սեփական ժողովրդից և ոչ թե հակառակը, հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել ու կարգավորել»։
Արցախի հարցի հանդեպ հետաքրքրությունն իրականում չի մարել։ Միջազգային գործընկերներից, տարբեր երկրների խորհրդարաններից ու գործիչներից եկող ազդակներն այդ մասին են վկայում։ «Մեզ օդ ու ջրի պես պետք են ազգային ուժեր։ Իշխանության պետք է գան ազգային ուժերը, որպեսզի ազգային օրակարգը դառնա առաջնահերթություն, որովհետև հիմա ընդհանրապես չունենք ազգային օրակարգ։ Չունենք բանակցային գործընթաց որպես այդպիսին, որքան էլ փորձեն դրա ցուցադրությունն անել, ակնհայտ է, որ բանակցային որևէ պրոցեսում Հայաստանի իշխանությունները ուղղակի չկան։ Ելնելով դրանից, որպեսզի կարողանանք խոսել ապագայի մասին, ապա մեզ պետք են ազգային իշխանություններ, որոնք ներգրավված կլինեն բանակցային գործընթացում և դրանում օրակարգային հարց կլինի հայի իրավունքի պաշտպանությունը։ Մարդու անօտարելի իրավունքն է իր բնօրաննում ապրելու իրավունքը։ Հիմա ստացվում է, որ 160 հազար հայ առնվազն զրկված է այդ բնական իրավունքից, ի դեպ, ինչի վրա, որ աշխարհը կառուցված է, հիմնված, հակառակ դեպքում՝ քաոս է տեղի ունենում, տեսնում ենք, թե պատերազմներն ինչից են սկսվում։ Եթե ավելի ուշադիր լինեք, Արցախն այդ առումով նախադեպ դարձավ աշխարհի համար։ Հետևաբար, աշխարհն ունի այդ խնդիրը լուծելու կարիք։ Այս՝ համարյա երեք տարվա ընթացքում միջազգային որևէ դերակատարի, որևէ երկրի ներկայացուցչի՝ պաշտոնյա լինի, թե հասարակական գործիչ (ի դեպ, պաշտոնյաների շրջանում քիչ չեն շփումները, և հընթացս աշխարհագրությունն այդ առումով մեծանում է), չի եղել գեթ մեկը, ով կասկածի տակ կդնի մեր՝ Արցախում ապրելու իրավունքը։ Նաև այդ մարդիկ են բազմիցս ասել՝ միջազգային հանրությունը անզոր է ունենալու որևէ դերակատարություն այս հարցում, քանի նման կամք չունի մեր երկրի ղեկավարությունը։
Իրավիճակը կտրուկ փոխվելու է, և դա պատերազմական իրավիճակի հետ որևէ կապ չի ունենալու, հակառակը՝ գալու է հստակ բանակցային դաշտ, որտեղ Հայաստանը հնարավորություն կունենա իր սուբյեկտայնությունը բարձրացնելու։ Արդեն քննարկումների արդյունքում պիտի գտնվեն այն լուծումները, որոնք կբավարարեն երկու ժողովուրդներին՝ հայերին և ադրբեջանցիներին, այսինքն՝ երկու ժողովուրդները կունենան արդարության զգացում, այն, ինչի համար երեսուն տարի շարունակ տեղի են ունեցել բանակցություններ։ Այն ժամանակ արդարության զգացում դեռևս չուներ Ադրբեջանը, և բանակցային գործընթացի արդյունքում դա ևս պետք է տեղի ունենար, ինչն այս իշխանությունների ձեռամբ ուղղակի չեղարկվեց։ Հետևաբար, մեզ պետք են այն իշխանությունները, որոնք կգնան հենց այս օրակարգով, որտեղ որևէ խոսք կամ միտք չկա պատերազմի մասին։ Խոսքն արդարության հաստատման մասին է, արդարության զգացումը լինելու է երկու ժողովուրդների մեջ։ Այստեղ չկա պատերազմ, կա ընդամենը դիվանագիտական աշխատանք, որտեղ այս իշխանությունները կապիտուլյացիայի են ենթարկվել, իրենք այլևս չեն կարող դիվանագիտական որևէ գործունեություն ծավալել»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: