Մեր պատմության ընթացքում թշնամուն սեփական անվտանգության երաշխավոր հռչակելու դեպք էլի է եղել։ 18-րդ դարում Արցախի Վարանդայի Մելիք-Շահնազար Բ-ն, որի մայրը, ի դեպ, էթնիկ թուրք էր, այսօրվա լեզվով ասած՝ «բռնության կիրառմամբ ապօրինաբար զավթում է իշխանությունը» (սպանում է մելիքության լեգիտիմ ժառանգորդ իր խորթ եղբորն ու նրա ողջ ընտանիքին), որից հետո՝ Արցախի մյուս չորս հայ մելիքների վրեժխնդրությունից փրկվելու նպատակով, իր համար «անվտանգության երաշխավոր» է գտնում Փանահ խանին և որպես վարձատրություն նրան նվիրում Շուշին՝ հարակից տարածքներով։ Թե ինչ հետևանքներ է ունենում դա՝ բոլորս գիտենք․ երեք դար անց Շուշին հռչակվում է «դժբախտ-դժգույն քաղաք», ու Էրդողանն էլ այդ բարձունքից նայում է հայաթափված Արցախին ու ասում «Էնվեր փաշայի հոգին փառավորվեց»։
Ինչևէ, վերադառնանք այսօրվա իրողություններին։ Օրեցօր ահագնացող «լրտեսական կրքերի» ֆոնին հստակ երևում է Հայաստանի ամենամեծ պրոբլեմը, այն է՝ որևէ մեկը լուրջ չի ընդունում այս ամենը։ Խնդիրն այն չէ՝ մարդիկ հավատո՞ւմ են, որ Անդրանիկ Թևանյանը, Սամվել Կարապետյանը և էլի շատերը «օտարերկրյա լրտեսներ» են, թե՞ չեն հավատում։ Խնդիրն այն է, որ համարյա բոլորը հարյուր տոկոսով համոզված են՝ եթե այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության նկատմամբ լոյալություն դրսևորած լինեին՝ ոչ մի «մասկի-շոու» էլ չէր լինի։ Այսինքն՝ և՛ ՔՊ-ի կողմնակիցները, և՛ ընդդիմադիր հայացքներ ունեցողները շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հատուկ ծառայություններն օգտագործում է հանուն իր անձնական և քաղաքական շահերի։ Իսկ դա հենց պետության դեգրադացիան է։
Ի դեպ՝ այս պրոբլեմը նախկինում էլ է եղել։ Նախկինում էլ են հատուկ ծառայություններն օգտագործվել օրվա իշխանության քաղաքական նպատակներով։ Եթե այդպես չլիներ՝ ոչ 2018-ի «թավշյա աղետը» կլիներ, ոչ էլ այսօրվա վիճակը։ Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: