ՀՀ պետական եկամուտների կոմիտեում մայիսի 22-ին տեղի է ունեցել Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական բացման ու CertScan ծրագրի գործարկման հանդիսավոր արարողությունը։ Նախագծերն իրականացվել են «Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության աջակցության» (EXBS) ծրագրի շրջանակում՝ S2Global ընկերության հետ համագործակցությամբ, ԱՄՆ կառավարության ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, S2Global Inc. ընկերության միջազգային ծրագրերի տնօրեն Մայքլ Մագլոթինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, EXBS ծրագրի, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, Ներքին գործերի նախարարության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներն և ու պաշտոնատար անձինք։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը գոհունակություն է հայտնել Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի ստեղծման և CertScan ծրագրի հաջող ներդրման կապակցությամբ, ինչն ավելի քան երկու տարիների մանրակրկիտ և հետևողական աշխատանքի արդյունք է։ «Հայաստանի մաքսային վարչարարության և սահմանային անվտանգության համակարգի շարունակական արդիականացման գործընթացում կենտրոնի գործարկումը կարևոր առաջընթաց է մեր գործառնական և վերլուծական կարողությունների զարգացման տեսանկյունից», – նշել է Էդուարդ Հակոբյանը։ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել EXBS-ի հետ ձևավորված երկարատև և ամուր համագործակցությունը՝ նշելով որ Հայաստանն ու ԱՄՆ-ն պատմության նոր էջ են կերտում, որն ավելի քան ռազմավարական է և միտված է Հայաստանի բեկումնային զարգացմանը՝ որպես տարածաշրջանում տեխնոլոգիական ու լոգիստիկ հանգույցի․ «Մեր համագործակցությունը հիմնված է անվտանգության, նորարարության և օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա»։
ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը ևս ընդգծելով գործընթացի կարևորությունը՝ հայտնել է, որ միջոցառման շրջանակում պաշտոնապես Կոմիտեին է հանձնվում CertScan տեխնոլոգիան։ «Այս ստուգման հարթակը կօգնի պարզեցնել և արագացնել բեռների ստուգման ամբողջ գործընթացը, կրճատել սպասարկման ժամանակը՝ միաժամանակ դյուրացնելով օրինական առևտրային հոսքերը», – տեղեկացրել է Դեյվիդ Ալենը:
S2Global Inc. ընկերության միջազգային ծրագրերի տնօրեն Մայքլ Մագլոթինը վստահեցրել է, որ CertScan համակարգը երկար տարիներ արդյունավետորեն կծառայի նպատակին։ «Նոր ներդրված հարթակը շահագործող մաքսային մասնագետներն անցել են լայնածավալ վերապատրաստում և լիովին պատրաստ են աջակցելու ընթացիկ գործառնական աշխատանքներին։ Համակարգն արտացոլում է այն գործառնական և տեխնիկական փորձը, որը ձեռք է բերվել աշխարհի տարբեր երկրներում մաքսային և սահմանային կառույցների հետ իրականացված ծրագրերի ընթացքում», – մատնանշել է Մայքլ Մագլոթինը։
ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սոսե Ստեփանյանի խոսքով՝ նախաձեռնության հաջող իրականացումը պայմանավորված է գործընկեր կառույցների և ներգրավված բոլոր կողմերի ամենօրյա ու համակարգված աշխատանքով․ «Կենտրոնի բացումը խորհրդանշում է ոչ միայն կարևոր նախաձեռնության ավարտն, այլև մեր համատեղ հանձնառությունը՝ շարունակաբար ամրապնդելու սահմանային անվտանգության և մաքսային վերահսկողության ժամանակակից կարողությունները»։
Նշենք, որ ներդրված CertScan համակարգը միավորում է ՀՀ ՊԵԿ սահմանային անցակետերում և տերմինալներում գործող ռենտգենյան սկանավորումների պատկերները մեկ միասնական հարթակում՝ հնարավորություն ընձեռելով իրականացնել ռենտգենյան պատկերների կենտրոնացված և իրական ժամանակում մշտադիտարկում։ Վերլուծության և օպերատիվ արձագանքման արդյունքում մաքսային ծառայողների հետագա գործողությունները կդառնան առավել նպատակային և արդյունավետ։
Նոր հարթակի ներդրմամբ զգալիորեն կբարձրանա սահմանային անվտանգությունը՝ նպաստելով հնարավոր ռիսկերի և անվտանգության սպառնալիքների առավել արդյունավետ բացահայտմանը։ Միաժամանակ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը՝ բարելավելով մաքսային հսկողության գործընթացների թափանցիկությունը՝ նպաստելով օրինական առևտրի զարգացմանն ու ՀՀ սահմաններով ապրանքների անխափան տեղաշարժին։ Ծրագրի իրականացման ընթացքում առանձնապես կարևորվել է մաքսային համակարգում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տարրերի կիրառումն ու ինտեգրումը։
Միջոցառման ընթացքում ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արամ Պետրոսյանն ու մաքսային ծառայողները տեղում, մեկ բեռնատարի զննման օրինակով, քայլ առ քայլ ներկայացրել են CertScan միասնական հարթակի աշխատանքի առանձնահատկությունները, գործառնական հնարավորությունները, կիրառվող գործիքակազմն ու համակարգի հիմնական առավելությունները։
Հիշեցնենք, որ EXBS ծրագիրը նշանակալի ներդրում ունի Հայաստանի սահմանային անվտանգության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում։
Առաջադեմ տեխնոլոգիական լուծումների, տեղեկատվության արագ փոխանակման և կենտրոնացված մասնագիտական վերահսկողության շնորհիվ նորաստեղծ մոնիթորինգային կենտրոնն էապես կնպաստի Հայաստանի մաքսային ընթացակարգերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացին՝ ծառայելով որպես սահմանային կառավարման կարևոր տեխնոլոգիական գործիք։
Դիտումների քանակ3