Հայկական ռադիոն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել հոբելյանական միջոցառումների մեկնարկային համերգին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Կառավարական հոբելյանական հանձնաժողովը հաստատել է 16 պաշտոնական և մշակութային միջոցառումներից կազմված ծրագիր, որի նպատակն է արժևորել ռադիոյի դերը Հայաստանի և արտերկրի ունկնդիրների կյանքում։
Հանրային ռադիոյի 100-ամյակի հոբելյանի առիթով շնորհավորական խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը. «Ռադիոն մեր կյանքի ուղեկիցն է․ այն իր մոգական ունակությամբ ձայնի միջոցով փոխանցում է ամենակարևոր տեղեկություններն ու ասելիքը, առանց որի՝ չենք պատկերացնում մեր առօրյան։ Իհարկե, նոր տեխնոլոգիաները բերում են փոփոխություն նաև այս ոլորտում, սակայն ռադիոյի ձևավորած ավանդույթն այլևս արժեք է։ Հատկապես համատարած աղմուկի մեջ ռադիոյի նշանակությունն ու կարևորությունը էլ ավելի են ընդգծվում»։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ռադիոն եղել է այն հարթակը, որի միջոցով հանրությունն առնչվել է կրթությանը, գիտությանը, մշակույթին, սպորտին, և նույնիսկ յուրահատուկ ժանրեր են ձևավորվել, ինչպես օրինակ՝ ռադիոթատրոնը։
Ըստ նախարարի՝ Հանրային ռադիոյի գործունեությունը նաև պատասխանատվություն է հանրության առաջ, ինչպես նաև ասված խոսքի, արված գործի նկատմամբ. «Հանրային ռադիոն այսօր էլ պատվով իրականացնում է իր այդ գործառույթը, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր աշխատակիցներին և ընդգծել, թե ինչ կարևոր է հատկապես այս օրերին նրանց արած գործը»։
Հայաստանի հանրային ռադիոյի հիմնադրման 100-ամյակի տոնական ծրագիրը բազմաշերտ է. հոբելյանի շրջանակում հանրությանը ներկայացվում են ռադիոյի նոր լոգոտիպն ու բրենդինգը, որոնք արտացոլում են կառույցի արդիականացումը:
Սպասվում են հանդիսավոր պաշտոնական միջոցառումներ, համերգներ, ֆիլմի պրեմիերա և միջազգային մեդիակոնֆերանս: Հատուկ այս առիթով կթողարկվեն հոբելյանական նամականիշ և հուշամեդալ:
Հոբելյանական տարին նաև առիթ է ռադիոյի կենդանի ձայնը հեռավոր շրջաններ հասցնելու. նախատեսված են մարզային համերգներ, որոնց կմասնակցեն Հանրային ռադիոյի վաստակավոր կոլեկտիվներն ու սիրված արտիստները: Սա հնարավորություն կտա մարզերի բնակիչներին անմիջականորեն հաղորդակից դառնալու մշակութային այն հարուստ ժառանգությանը, որը տասնամյակներ շարունակ ստեղծվում է ռադիոյի կամարների ներքո:
Բացի այդ՝ քաղաքի զբոսաշրջային առանցքային վայրերից մեկում կտեղադրվի ինտերակտիվ ռադիոտաղավար, շենքի մուտքն էլ կթարմացվի նոր պաստառով, որը կդառնա հոբելյանական տարվա յուրօրինակ այցեքարտը՝ հիշեցնելով, որ Երևանն է խոսում՝ արդեն շուրջ մեկ դար։
Դիտումների քանակ8