ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդը հրաժարական է տվել

Բաժանորդագրվել

Թրամփն արդեն Թուլսի Գաբարդին Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում ժամանակավոր փոխարինող է գտել։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հրաժարական է տվել ընտանեկան հանգամանքների պատճառով։

Նա այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է այսօր՝ Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ։

«Ցավոք, պետք է հրաժարական տամ 2026 թվականի հունիսի 30-ից։ Ամուսնուս՝ Աբրահամի մոտ վերջերս ոսկրային քաղցկեղի չափազանց հազվագյուտ տեսակ է ախտորոշվել», – ասել է Գաբարդը հայտարարության մեջ, որը մեջբերում է Fox News-ը։

Հրաժարականի դիմումում Գաբարդը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահին` ցուցաբերված վստահության և վերջին մեկուկես տարվա ընթացքում Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը ղեկավարելու հնարավորության համար։

Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Ազգային հետախուզության տնօրենի տեղակալ Աարոն Լուկասը տնօրեն Թուլսի Գաբարդի հրաժարականից հետո կդառնա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

«Ազգային հետախուզության տնօրենի գլխավոր տեղակալ Աարոն Լուկասը կկատարի Ազգային հետախուզության տնօրենի պարտականությունները», – Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը։

Գաբարդը ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն էր նշանակվել 2025 թվականի փետրվարին։

Leave a comment