ԵՊՀ ռեկտորն օրենք է խախտել. բուհում լռում են

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է Պաշտպանության ՔՊ-ական նախարար Սուրեն Պապիկյանի քարոզարշավային, կուսակցական տեսանյութով, որտեղ նա քննադատում է քաղաքական հակառակորդներին։

Սա Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի խախտում է։ Թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չհաջողվեց ստանալ ԵՊՀ-ից, քանի որ մամուլի քարտուղար Քնար Միսակյանն այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին։ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանն էլ Aravot.am-ին փոխանցել, որ նման դեպքերի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը։

Նրա ձևակերպմամբ՝ նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո և ենթակա են լինելու պատշաճ արձագանքի ու իրավական հետևանքների։

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշել է, որ Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետով. «Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման մարմիններում, ինչպես նաև ակադեմիական միավորների ղեկավար պաշտոններում արգելվում է որևէ կուսակցության անդամ հանդիսացող կամ հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց ներգրավումը։ Նշված հանգամանքի առաջացումը հիմք է բուհի նշված պաշտոններից անձի ազատման համար՝ տվյալ պաշտոնում նշանակելու կամ առաջադրելու իրավասություն ունեցող մարմնի կողմից՝ հանգամանքի առաջացման մասին իրազեկվելու պահից»։

Leave a comment