Լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործմամբ, մշակութային և ստեղծարար ոլորտի զարգացման անհրաժեշտությամբ, նաև ստեղծագործական աշխատանքի առանձնահատկություններով: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու և լրացումները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը տեղեկացրել է, որ նախագծով առաջարկվում է տարանջատել «մշակութային կազմակերպություն» և «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն» հասկացությունները: Տարանջատման նպատակն է ապահովել իրավական հստակություն և կանխել տարընկալումները, տարբերակել մշակութային գործունեություն իրականացնող սուբյեկտների տեսակները, հստակ սահմանել պետական լիազոր մարմնի իրավասությունների շրջանակը:
«Մշակութային կազմակերպություն» հասկացությունը կիրառվում է որպես ընդհանրական հասկացություն՝ ներառելով մշակութային գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունները՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, իսկ «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն» հասկացությունը սահմանվում է որպես դրա հատուկ տեսակ՝ հստակեցնելով դրա հիմնադրին, գործունեության նպատակները և դրա կապը պետական մշակութային քաղաքականության հետ:
Նախագծով առաջարկվող մյուս փոփոխությունները վերաբերում են պետական մշակութային կազմակերպությունների աշխատողների վերապատրաստման և ատեստավորման արդյունքում հավելավճարներին, սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերին, պետություն-մասնավոր համագործակցությանը, համաֆինանսավորման սկզբունքներին և չափորոշիչներին, ինչպես նաև ՊՈԱԿ-ների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների սահմանմանն ու դրույքաչափերի փոփոխությանը:
Զեկուցողը նշել է, որ Կառավարությունն ընդունել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են նախագծի լավարկմանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Առաջարկվել է այն ներառել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում և երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Դիտումների քանակ4