Tashir Arena-ն՝ երիտասարդ սերնդի կրկեսային արվեստի համար

Մայիսի 19-ին Tashir Arena-ում տեղի ունեցավ «Գևորգ Գինոսյանի անվան մանկական կրկեսային դպրոցի վերջին զանգը» խորագրով հաշվետու համերգը. գունեղ ու տպավորիչ երեկո, որը միավորեց տաղանդը, համարձակությունը, բեմական կարգապահությունն ու հայկական կրկեսային արվեստի նոր սերունդը։

Մանեժի վրա և գմբեթի տակ դպրոցի ավելի քան հարյուր սաներ հանդիսատեսին ներկայացրին հագեցած ծրագիր՝ համատեղելով օդային ակրոբատիկան, էկվիլիբրը, ժոնգլյորությունը և կրկեսային այլ ժանրեր։ Հատուկ ուշադրության արժանացան Tashir Arena-ի գմբեթի տակ ներկայացված համարները, որտեղ պատանի արտիստները մեծ բարձրության վրա, առանց ապահովագրության, կատարեցին ամենաբարդ հնարքները։ Այս ելույթները դարձան սաների բարձր պատրաստվածության, մանկավարժների պրոֆեսիոնալ մոտեցման և մասնակիցների ներքին ուժի վառ ապացույցը։


Tashir Arena-ի համար չափազանց կարևոր էր հյուրընկալել Գևորգ Գինոսյանի անվան մանկական կրկեսային դպրոցի սաներին և նրանց հնարավորություն տալ հանդես գալ ժամանակակից, մասնագիտական չափանիշներին համապատասխան հարթակում, որը նախատեսված է ամենատարբեր մասշտաբի և ձևաչափի միջոցառումների համար։ Tashir Arena-ն մշտապես աջակցում է մշակույթի, արվեստի, կրթության և երիտասարդ տաղանդների զարգացմանն ուղղված նախագծերին, և նման նախաձեռնությունների աջակցությունը նրա գործունեության կարևոր բաղադրիչներից է։

Նման միջոցառումները ոչ միայն ստեղծագործական, այլև սոցիալական նշանակություն ունեն․ դրանք օգնում են երեխաներին ու դեռահասներին զգալ մեծ բեմի մթնոլորտը, ձեռք բերել լայն լսարանի առջեւ հանդես գալու փորձ և տեսնել իրենց մասնագիտական աճի իրական հեռանկարները։ Երիտասարդ արտիստների համար սա կարևոր փուլ է ապագա կարիերայի ճանապարհին, իսկ հանդիսատեսի համար՝ հնարավորություն տեսնելու, թե ինչպես է ձևավորվում կրկեսային կատարողների նոր սերունդը։ Համերգի ամենափոքր մասնակիցն ընդամենը 6 տարեկան էր։

«Վերջին զանգ»-ի երեկոն ոչ միայն հաշվետու համերգ դարձավ, այլև արվեստի հանդեպ սիրո, սերնդափոխության և դպրոցի մանկավարժների ու սաների աշխատանքի նկատմամբ հարգանքի խորհրդանիշ։ Այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայկական կրկեսային դպրոցը շարունակում է զարգանալ, իսկ արտիստների նոր սերունդն արդեն այսօր վստահորեն խոսում է իր մասին։

Tashir Arena-ն շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես երկրի՝ լայնամասշտաբ մշակութային և հասարակական միջոցառումների անցկացման առանցքային հարթակներից մեկը՝ պայմաններ ստեղծելով վառ նախագծերի իրականացման և Հայաստանի ստեղծագործական միջավայրի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների աջակցության համար։

Tashir Arenaն Հայաստանի ամենախոշոր բազմաֆունկցիոնալ հարթակն է՝ ստեղծված համաշխարհային արենաների չափանիշներին համապատասխան։ Այն ժամանակակից կենտրոն է, որը միավորում է ժամանցային մշակույթն ու առաջատար տեխնոլոգիաները՝ նպատակ ունենալով դառնալ տարածաշրջանային և միջազգային մակարդակի միջոցառումների նոր առանցքային կենտրոն։

Դահլիճը նախատեսված է շուրջ 2000 հանդիսատեսի համար՝ ներառյալ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց, և կարող է հյուրընկալել ամենատարբեր ձևաչափի միջոցառումներ՝ կրկեսային ներկայացումներից ու միջազգային շոուներից մինչև համերգներ, սպորտային մրցաշարեր և այլ միջոցառումներ։

Մեխանիզացված մանեժը հնարավորություն է տալիս ստեղծել ցանկացած ձևաչափի ներկայացումներ և վերափոխել տարածքը՝ ըստ բեմադրական մտահղացման։ Միջազգային փորձագետների մասնակցությամբ մշակված ժամանակակից ակուստիկ համակարգը ապահովում է կատարյալ հնչողություն։ Նոր սերնդի ավելի քան 200 լուսային սարքերն ու ավելի քան 1000 քմ ընդհանուր մակերեսով մուլտիմեդիոն պրոյեկցիոն հարթակները ստեղծում են լիարժեք ընկղմման տպավորություն։

Tashir Arena

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment