Եթե Հորմուզի նեղուցը փակ մնա մինչև օգոստոս, դա կբարձրացնի տնտեսական անկման ռիսկը, որը մասշտաբներով համադրելի կլինի 2008 թվականի Մեծ ռեցեսիայի հետ։ Այդ եզրակացությանն են եկել Rapidan Energy Group-ընկերության փորձագետները, գրում է Bloomberg-ը։
Վերլուծաբանների հիմնական սցենարը ենթադրում է, որ այս երթուղով նավագնացությունը կվերականգնվի հուլիսին։ Այդ դեպքում նավթի պահանջարկի միջին անկումը կկազմի օրական 2.6 մլն բարել, իսկ Brent տեսակի հենանիշային նավթի ընթացիկ շուկայական գները ամռան ընթացքում կհասնեն մոտ 130 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Սակայն եթե շրջափակումը երկարաձգվի, օգոստոսին և սեպտեմբերին առաջարկի խաթարումը փոխհատուցելու համար կպահանջվի պահանջարկի էլ ավելի կտրուկ նվազում։ Դա, ըստ գնահատականների, կարող է բավարար լինել՝ 2026 թվականի արդյունքներով նավթի համաշխարհային սպառման տարեկան անկում հրահրելու համար։ Մի շարք առաջատար վերլուծաբաններ արդեն ակնկալում են համաշխարհային պահանջարկի կրճատում ընթացիկ տարում, ինչը շուկայի համար հազվադեպ երևույթ է։
«Ներկայիս մակրոտնտեսական պատկերը պակաս ծայրահեղ է, քան 1970-ականներին կամ 2007–2008 թվականներին», — նշում են Rapidan-ի վերլուծաբանները իրենց զեկույցում՝ մատնանշելով համաշխարհային տնտեսությունների նավթատարողունակության նվազումը և դրամավարկային քաղաքականության ավելի հուսալի մեխանիզմները։ «Սակայն այս համեմատաբար ավելի ուժեղ մեկնարկային դիրքը չի վերացնում այն ռիսկը, որ նավթի գների շարունակական տատանումները կխորացնեն ֆինանսական և մակրոտնտեսական խոցելիությունը»։
Ընկերության գնահատմամբ՝ եթե նեղուցի վերաբացումը ձգձգվի մինչև օգոստոս, ապա երրորդ եռամսյակում առաջարկի դեֆիցիտը կաճի մինչև օրական մոտ 6 մլն բարել։ Միաժամանակ նավթի առևտրային պաշարներն արդեն մոտենում են ծայրահեղ ցածր մակարդակների, որոնք դժվարացնում են օպերացիոն գործունեությունը։
Rapidan-ում նշում են, որ նույնիսկ օգոստոսի սկզբին նավագնացության վերականգնման դեպքում շուկաներում դեֆիցիտը նախ կխորանա, և միայն դրանից հետո իրավիճակը կսկսի բարելավվել։ Հում նավթի պաշարները կշարունակեն կրճատվել մինչև սեպտեմբեր, քանի դեռ Պարսից ծոցի երկրներում արդյունահանումը աստիճանաբար կվերականգնվի, իսկ արդեն ուղարկված հումքի առաջին խմբաքանակները կհասնեն նշանակման կետեր։