Ստամբուլի նախկին քաղաքապետը քննադատել է Էրդողանին
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անունից երկրի նախագահի թեկնածու, այժմ կալանքի տակ գտնվող Էքրեմ Իմամօղլուն խիստ քննադատությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխանությունների հասցեին: Վերջինս հայտարարել է, որ նրանք «վախենում են ժողովրդի կամքից, ընտրություններից և ժողովրդավարությունից»։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Սոցիալական ցանցերում հրապարակված ուղերձում Իմամօղլուն նշել է, որ Էրդողանի կառավարությունն ու «գործող համակարգը» երկիրը հասցրել են խոր տնտեսական ճգնաժամի և չեն կարողացել լուծել հիմնական խնդիրները։
Նա նաև մեղադրել է իշխանություններին դատական համակարգը քաղաքական նպատակներով օգտագործելու, ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրելու և սահմանադրական կարգը վտանգելու մեջ։ Իմամօղլուի խոսքով՝ իշխանությունները փորձում են խուսափել ընտրական պարտությունից և «նոր սահմանադրության» թեման օգտագործում են քաղաքական նպատակներով։
«Սպասի՛ր, Էրդողան. «Իմ անձը և իմ կուսակցությունը» կառավարությունը հեռանալու է: Մեր սիրելի ժողովուրդը հնչեցնելու է վերջնական սուլիչը: Ժողովուրդը բոլորին իրենց տեղը ցույց կտա»,- հայտարարել է Իմամօղլուն՝ հավելելով, որ «ամեն ինչ շատ գեղեցիկ է լինելու»։