Իրավապահները խուզարկում են Անդրանիկ Թևանյանի բնակարանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԱԾ-ն և քննիչները առավոտից «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում  քննչական գործողություններ էին իրականացնում։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ կուսակցության գրասենյակից հեռախոս, համակարգիչ ու փաստաթղթեր են առգրավել, իսկ հիմա խուզարկվում է պետական դավաճանության և լրտեսության գործով անցնող Անդրանիկ Թևանյանի բնակարանը։

Վերջինս դեռևս մեղադրյալի կարգավիճակ չունի։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ իրավապահների՝ Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող, 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Leave a comment