Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար համաձայնություն ստանալու միջնորդություն չի ստացել։ Factor.am–ին այս մասին հայտնում են հանձնաժողովից։
Նշենք, որ պատգամավորի թեկնածուն նախընտրական շրջանում ունի անձեռնմխելիություն։ ԿԸՀ-ի համաձայնությունը չի պահանջվում, եթե թեկնածուն բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։
Նշենք, որ առավոտյան հայտնի դարձավ, որ Երևանի «Մայր Հայաստանի» գրասենյակն իրավապահները խուզարկում են հարուցված պետական դավաճանության գործի շրջանակում, Թևանյանը նույնպես ներկա էր գործողություններին։
Ըստ ՔԿ-ի՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն, որը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում աջակցել է «Հայաստան» դաշինքին և ընդգրկված եղել նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում, 2024 թվականին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։
Քննության տվյալներով՝ Ա.Թ.-ն համագործակցել է «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենի հետ, որը, ըստ իրավապահների, հանդիսացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ։ Վերջինիս հանձնարարությամբ, ըստ հաղորդման, նա զբաղվել է լրտեսությամբ և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։
Խոսքը, ենթադրաբար, վերաբերում է 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովում անցկացված փակ նիստին, որի ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման ու սահմանագծման հիմնախնդիրները»։ Այդ նիստին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հաջորդ օրը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, Արարատ Միրզոյանը հայտարարել էր․ «Երեկ ես, օգտվելով այն հնարավորությունից, որ նիստը փակ էր և այն, ինչ կասվի իմ կողմից հասանելի կլինի միայն Հայաստանի քաղաքական դաշտին, մասնավորապես խորհրդարանական ընդդիմությանը, և չի հասնի այլ մայրաքաղաքներ, փորձեցի ռացիոնալ բացատրություն տալ, ռացիոնալ երկխոսություն ծավալել՝ բացատրելով, որ Հայաստանի Հանրապետությունը բանակցություններում, այդ թվում՝ առաջին հերթին սահմանազատման բանակցություններում, կարող է առաջնորդվել կամ հենվել միայն լեգիտիմության հենքերի վրա»։
ՔԿ-ի պնդմամբ՝ Ա.Թ.-ն ռուսերեն թարգմանված տեսքով փոխանցել է փակ նիստի ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ՝ դրա դիմաց ստանալով առանձնապես խոշոր չափերի՝ 622 հազար ԱՄՆ դոլար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության, և 424-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրտեսության հատկանիշներով։
Նշենք, որ Թևանյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2023 թվականի օգոստոսի 17-ին, սակայն, վայր է դրել պատգամավորական մանդատը։
Եվգենյա Համբարձումյան