Փաշինյանն ասել է, որ 2020թ. նոյեմբերի 8-ից հետո մեկ շաբաթ ծոմ է պահել

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի 8-ի եռակողմ հայտարարությունից հետո ծոմ է պահել:

«Դրանից հետո երկարատեւ ծոմ եմ պահել, մեկ շաբաթ ո՛չ հաց եմ կերել, ո՛չ էլ ջուր եմ խմել։ Եթե դուք հարցնում եք իմ էմոցիաների մասին, դրանք են եղել իմ էմոցիաները։ 
Բայց հետո սկսել եմ մտածել՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ։ Եվ քայլ-քայլ հասկացել եմ, որ Հայաստանը ղարաբաղյան շարժմամբ դրվել է թակարդի մեջ, և այդ թակարդից պետք է դուրս գալ։ Ես ուրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել այդ թակարդից։ Տեսնում եմ, որ այսօր որոշ մարդիկ, լրտեսական գործունեության տրամաբանության մեջ, Հայաստանն ուզում են հետ տանել կոնֆլիկտի թակարդի մեջ»,- ասել է Փաշինյանը, ում խոսքերը ներկայացնում է Արմենպրեսը:
Փաշինյանը նաեւ ասել է, որ իր «ինչո՞ւ չեք զոհվել» արտահայտությունն ուղղված է եղել ոչ թե հայ ժողովրդին, այլ Լեռնային Ղարաբաղի քաղաքական և հանրային պսևդոէլիտայի ներկայացուցիչներին։
Նա նաև հայտարարել է, որ այդ շրջանակի ներկայացուցիչները պետք է բացատրություն տան.
«Իրենք իրենց տները նստած ինչո՞վ են զբաղված եղել։ Ո՞վ է գնացել կանգնել, կռվել զինվորի կողքին։ Դրանց մի մասն էլ փախել են, մեր զինվորներին թողել են մենակ։ Պիտի բացատրություն տան՝ Սամվել Շահրամանյանից սկսած, մյուսներով ավարտած»։ 

Leave a comment