«Պարո՛ն Փաշինյան, խնդրում ենք Լեռնային Ղարաբաղի հարցում մեծահոգաբար զիջումների մի գնացեք». Կովկասի հարցերով իրանցի փորձագետ. «Ազգ»

Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի պատկանելության մասին արված աղմկահարույց հայտարարությունը:

Հայ-ադրբեջանական հարաբերություններին ու Արցախյան հիմնահարցին նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ իրանցի վերլուծաբանը Արցախն ուրանալու մասին Փաշինյանի աննախադեպ հայտարարության խորքերը թափանցելու փորձ է կատարել եւ Iranian Diplomacy կայքում հրապարակել «Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի լույսի ներքո» խորագրով ուշագրավ հոդված:

Հեղինակը հետեւյալ հորդորանքով է դիմել վարչապետ Փաշինյանին.

«Պարո՛ն Փաշինյան, խնդրում ենք Լեռնային Ղարաբաղի հարցում մեծահոգաբար զիջումների մի գնացեք»:

Այս կոչով դիմելուց հետո, հեղինակը պատմական, իրավական ու քաղաքական փաստերն ի մի բերելով, համոզմունք է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը չունի իրավական ու բարոյական լիազորություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, անտեսելու տեղաբնակների իրավունքները եւ «մեծահոգաբար» նվիրաբերելու այն:

Հիշեցնելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության մաս կազմելու մասին Իրանի պաշտոնական դիրքորոշումը, Բորհան Հեշմաթին այնուամենայնիվ Բաքվին իրավունք չի վերապահում հայաթափել Արցախը, ոչնչացնել այս տարածաշրջանի պատմական ու կրոնական ժառանգությունն եւ ոտնահարել հայերի իրավունքները:

Այնուհետեւ հոդվածագիրն անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընտրությունների շրջանակում անցկացված ընտրարշավի ժամանակ Սյունիքի Կոռնիձոր համայնքում ունեցած ելույթին եւ հնչեցրած աննախադեպ հայտարարությանը: Հեշմաթին հիշեցրել է կոռնիձորցիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի խոսքերը, թե «Արցախը ինչո՞վ է մերը եղել: Այնտեղ դպրո՞ց ենք կառուցել, մանկապարտե՞զ ենք կառուցել, գործարա՞ն ենք կառուցել, ապրե՞լ ենք էնտեղ: Ինչո՞վ ա մերը եղել»:

Հոդվածագիրը նաեւ մեջբերել է Փաշինյանի այն միտքը, որ 1988 թվականին սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ էր, հավելելով, որ դրանով Փաշինյանը նույնիսկ գերազանցել է Իլհամ Ալիեւին:

Հրապարակման այս հատվածում Հեշմաթին ակնարկաբար անդրադարձել է Արցախի հիմնահարցին, նշելով որ Խորհրդային շրջանում Ղարաբաղը որպես ինքնավար մարզ ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության կազմում, միաժամանակ ընդգծելով Ղարաբաղի հայերի պատմական, մշակութային եւ կրոնական իրավունքները:

Հեշմաթին Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղը երբեք չի պատկանել Հայաստանին», գնահատել է տարբեր տեսանկյուններից.

  1. Որպես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին բացահայտ հայտարարություն

Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան բացահայտ եւ առանց դիվանագիտական վերապահումների հայտարարում է, որ Ղարաբաղը չի պատկանել Հայաստանին: Այս մոտեցումը ակնհայտ հակասության մեջ է այն քաղաքական գծի հետ, որը վերջին տասնամյակների ընթացքում որդեգրել էին Հայաստանի պաշտոնյաները, ինչպես նաեւ հենց ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին դիրքորոշումների հետ: Դա նաեւ հակասության մեջ է Երեւանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը Միջազգային ատյաններում եւ Միջազգային քրեական դատարանում՝ Ղարաբաղի հայերի իրավունքների խախտման եւ 2018-2023 թվականներին Բաքվի կողմից ռասայական խտրականություն հրահրելու մեղադրանքների հետ:

  1. Իբրեւ Ղարաբաղում հայերի ներկայության պատմական փաստերի խեղաթյուրում
    Վերլուծաբանի կարծիքով, Փաշինյանի այս տեսակետը հակասում է Լեռնային Ղարաբաղում հայերի ներկայության վերաբերյալ պատմական իրողություններին, մեջբերելով հետեւյալ փաստերը.

ա) Պատմական եւ կրոնական հուշարձաններ. Դադիվանքի (9-13-րդ դարեր) եւ Գանձասարի (12-13-րդ դարեր) վանքերը, ինչպես նաեւ Շուշիի, Հադրութի եւ Մարտակերտի բազմաթիվ եկեղեցիներ վկայում են Ղարաբաղում հայերի բազմադարյա, իսկ որոշ վայրերում՝ ավելի քան հազարամյա ներկայության մասին:

բ) Հայկական եւ իրանական աղբյուրներ. Միջնադարյան աղբյուրներում Ղարաբաղը համարվել է Առանի (Հարավային Կովկաս) եւ Արմինիայի մի մաս, որտեղ բնակվել են հայեր եւ կովկասյան ալբանացիներ: Պատմության ընթացքում Ղարաբաղը եղել է Իրանի կազմում, իսկ Ղարաբաղի խանությունը (18-րդ դար) կառավարվել է իրանական ծագում ունեցող տոհմերի կողմից: Սակայն լեռնային շրջանների հայ բնակչությունն ունեցել է հարաբերական ինքնավարություն՝ մելիքության կամ խանության տեսքով:

  1. Հակասություն Հայաստանի կառավարության քաղաքական եւ բյուջետային գործելակերպի միջեւ

Մի քանի տասնամյակ շարունակ Հայաստանի կառավարությունը տարեկան բյուջեում Լեռնային Ղարաբաղի համար նախատեսում էր առանձին ծախսային հոդված, ինչը փաստացի նշանակում էր, որ այն դիտարկվում էր որպես Հայաստանին առնչվող տարածք: Այս գործելակերպը պահպանվել էր նաեւ Փաշինյանի վարչապետության օրոք՝ Սերժ Սարգսյանի կառավարության հեռացումից հետո:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment