Սիրելի՛ շրջանավարտներ,
Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ՝ դպրոցական վերջին դասն ազդարարող խորհրդանշական օրվա կապակցությամբ։
Այսօր դուք ավարտում եք ձեր կյանքի կարևորագույն ու հիշարժան փուլերից մեկը և մուտք գործում բոլորովին նոր իրականություն, որտեղ ամեն քայլը հնարավորություն է՝ ինքներդ ձեր լավագույն «Ես»-ը կերտելու։
Նոր գիտելիքների, փորձի ու հմտությունների ձեռքբերման այս ճանապարհին ոչ պակաս կարևոր է նաև ճիշտ և գիտակցված ընտրություն կատարելը։ Ձեր կայացրած որոշումներից է կախված լինելու կյանքում հաջողելու և ինքնակայացման հասնելու իրական հնարավորությունները։ Հետևաբար, ինչ մասնագիտություն կամ գործունեության ոլորտ էլ որ ընտրեք, չբավարարվե՛ք գործի միջակ կատարմամբ, միշտ ձգտե՛ք կատարելության, անընդհատ սովորե՛ք, ինքնակրթվե՛ք, զարգացե՛ք, երբե՛ք չընկրկեք և չընկճվեք դժվարություններից, վստահ և հաստատակամ քայլերով գնացեք առաջ՝ դեպի ձեր նպատակների հետևից։
Հիշե՛ք, ապագան պատկանում է նրանց, ովքեր համարձակ են երազել և համառ աշխատել իրենց ամենաանհավանական գաղափարների ու երազանքների իրականացման համար։
Այսօր առանձնահատուկ մեծարանքի և գնահատանքի են արժանի նաև ձեր ուսուցիչներն ու ծնողները, քանզի նրանց բազում չարչարանքների, քրտնաջան աշխատանքի ու հետևողականության արդյունքում է ձևավորվում հոգով, մտքով ու գիտելիքներով հարուստ սերունդը։
Սիրելի՛ շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ օրվա առթիվ, մաղթում լավատեսություն, ամուր կամք, վճռականություն և անսպառ մոտիվացիա՝ ավելիին ձգտելու և նոր բարձունքներ նվաճելու համար։
Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ: