Թևանյան․ 2024թ.-ին ես պատգամավոր չեմ եղել, փակ լսումներին չէի կարող մասնակցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանի ապօրինի կարգադրությամբ իմ դեմ գործ են «կարում» և ցանկանում են մեղադրանք առաջադրել»։ Այդ մասին իր ուղերձում հայտարարել է քաղաքագետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

«Հենց նոր Հայաստանի Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որտեղ այդ «կարված» գործի շրջանակում կարդում ենք հետևյալը. իբր ես, որպես Ազգային ժողովի պատգամավոր, 2024 թվականի ապրիլին փակ, գաղտնի նիստում անցկացված լսումների ժամանակ ռուսերեն թարգմանված տեղեկություններ եմ փոխանցել արդյունքների մասին և ինչ-որ գործողություններ եմ իրականացրել ի վնաս Հայաստանի, որոնք վտանգել են երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և արտաքին անվտանգությունը։

Այս «կարված» գործի աբսուրդն անմիջապես աչք է ծակում, որովհետև այո՛, 2021 թվականին ես Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ընտրվել էի պատգամավոր, բայց, ուշադրությո՛ւն, 2023 թվականին վայր եմ դրել Ազգային ժողովի մանդատը և դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններին ոչ որպես պատգամավոր։ Իսկ այստեղ գրված է, որ 2024 թվականի լսումների ժամանակ ես, փաստացի, տեղեկություններ եմ հայտնել փակ, գաղտնի նիստում անցկացված լսումների ընթացքի մասին։

Այսինքն՝ ես ֆիզիկապես չէի կարող մասնակցել 2024 թվականի լսումներին։ Հետևաբար, գումարների և այլնի հետ կապված մնացած թեմաները դատարկաբանություն են։ Մի խոսքով, քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքն է զբաղված պետական դավաճանությամբ, նա փորձում է ինձ ներքաշել մի այնպիսի գործընթացի մեջ, որի արդյունքում ինքն ամենաբարձրը կգոռա՝ «Բռնե՛ք պետական դավաճանին»»,- նշել է Թևանյանը։

News.am

Leave a comment