Հայաստանի գլխավոր դատախազությունը, քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ-ն եւ մի շարք այլ պետական կառույցներ այսօր հանդես են գալիս ոչ թե իրենց հիմնական՝ օրենքով սահմանված գործառույթներով, այլ՝ որպես նախընտրական պայքարի ակտիվ մասնակիցներ, Փաշինյանի վերարտադրվելուն ուղղված գործիքներ: Վստահ եմ, որ այդ կառույցներում կան պրոֆեսիոնալներ, որոնց սրտով չի այդ ամենը, բայց բարձր աշխատավարձը, հավանաբար, ավելի կարեւոր է:
Իրականում այսօր այդ մարդկանց վրա դրված է Փաշինյանի քաղաքական հայտարարություններին «իրավական» տեսք տալու պարտականությունը: Կարծում եք, Քննչական կոմիտեն չգիտե՞ր, որ Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի քաղաքացի է: Իհարկե, գիտեր: Բայց քանի որ «վերեւից» ասվեց, որ նա նաեւ Ռուսաստանի քաղաքացի է, եւ, հավանաբար, նույն «վերեւից» էլ համապատասխան տեքստի սեղմագիրն ուղարկվեց, այդ կոմիտեին մնում էր մի քանի հոդվածի հղում ավելացնելը եւ հրապարակելը: Խնդիրը զուտ քարոզչական է. ոչ թե ինչ-որ իրավական գործընթաց սկսելն է, այլ պարզապես սպառնալիքներով լեցուն հայտարարությունը տարածելը՝ նիկոլական զանգվածի սրտին յուղ լցնելու համար:
Փաշինյանը նախընտրական հանրահավաքներում բստրեց, թե Ծառուկյանի նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թեւանյանը կատարել է սարսափելի հանցագործություն (պետական դավաճանություն): Ինչպես հայտնի է, Հայաստանում մի քննիչ, մի դատախազ եւ մի դատավոր կա՝ Նիկոլ Փաշինյանը, մնացածը նրա «սպասարկող անձնակազմն» են: Հիմա ԱԱԾ-ն կամ Քննչական կոմիտեն պիտի ինչ-որ տեքստ մոգոնի, կամ «սանրի» վերեւից ուղարկած տեքստը եւ հրապարակի այն, որպեսզի «հիմնավորի» այդ անհեթեթությունը եւ շեֆին զեկուցի «կատարված աշխատանքի» մասին:
Նույնը, իհարկե, Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը նրանից խլելն է՝ որպես վրեժ քաղաքական գործունեության համար: Փաշինյանը, դարձյալ հանրահավաքում, հայտարարեց, թե դատախազությունից գրություն է ստացել, ըստ որի՝ գործարանի գույքը «ենթակա է պետականացման»: Դե, պարզ է՝ ինչ թուղթ պահանջել է, այն էլ ստացել է: Եթե պահանջեր, օրինակ, թուղթ, ըստ որի ինքը՝ Փաշինյանը, այս Երկրագնդում Քրիստոսի տեղապահն է, դատախազությունը, ԱԱԾ-ն եւ զույգ կոմիտեները հանդես կգային «միանգամայն հիմնավորված» համատեղ հայտարարությամբ՝ Սահմանադրության եւ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հղումներով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը եւ այլք։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: