Նույնիսկ ամենաիշխանամետ սոցհարցումների համաձայն, «պատերազմի եռագլուխ հրեշի» գումարային վարկանիշը ՔՊ-ի վարկանիշից շատ ավելի բարձր է. «ՉԻ»

Հայաստանում տեղի ունեցողն օրեցօր ավելի ու ավելի քիչ է նմանվում նախընտրական իրավիճակի։ Պատկերը փոխվում է մեծ արագությամբ, և սրտիկներով ու «սիրում եմ բոլորիդ»-ով սկսված անշառ կրկեսն արդեն իսկ վերածվել է «դուք ինչի՞ չեք մեռել» ու «սաղիդ սատկացնելու եմ» հիստերիկ ճղճղոցներով ուղեկցվող զանգվածային ձերբակալությունների «միջոցառման»։

Պատճառը հասկանալի է։ Ընդամենը մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ն ընկալում էր որպես հերթական ընտրություններ, որոնց պետք է մասնակցել և հեշտությամբ հաղթել, բայց քարոզարշավի առաջին իսկ օրերը ցույց տվեցին, որ դա լինելու է չափազանց բարդ (եթե ոչ անհնար), հետևաբար՝ պետք է «ուրիշ բան մտածել»։ Մեծ հավանականությամբ՝ իշխանությունները դրանից առաջ է՛լ «պլան Բ» և անգամ «պլան Գ» ունեին․ եթե հանկարծ տեսնեն, որ գործերը լավ չեն՝ հիմնական ընդդիմադիր ուժերից մեկ-երկուսի մասնակցությունը կարգելեն ու լիդերներին կկալանավորեն, կամ էլ «վերջին վարիանտ»՝ բախումներ կհրահրեն ու արտակարգ դրություն հայտարարելով՝ անորոշ ժամանակով կչեղարկեն ընտրությունները։ Եվ ահա պարզվեց, որ Նիկոլի գործերն իսկապես էլ լավ չեն, ու այն, ինչը նա նախկինում համարում էր ընդամենը «պահեստային տարբերակ», այսօր շատ ավելի ակտուալ է։ Արդյունքում՝ եթե առաջ նպատակն ընտրություններում հաղթելն էր, հիմա արդեն ընտրությունները «հարամելը» կամ չեղարկելն է։ Այստեղից էլ՝ «պացիենտի» վարքաբանական կտրուկ փոփոխությունը։

Այո, բախվելով իրականությանը՝ Նիկոլ Փաշինյանը լրջորեն վախեցավ։ Եվ այդ հիրավի կենդանական վախը երկու հիմնական պատճառ ուներ։ Առաջին՝ նույնիսկ ամենաիշխանամետ սոցհարցումների համաձայն, «պատերազմի եռագլուխ հրեշի» գումարային վարկանիշը ՔՊ-ի վարկանիշից շատ ավելի բարձր է, հետևաբար՝ նորմալ ընտրությունների դեպքում իր պարտվելու հավանականությունը մեծ է։ Երկրորդ՝ իր համար դա ոչ թե պարզապես պարտություն է նշանակելու, այլ պատասխանատվության ենթարկվելու անխուսափելի հեռանկար, որովհետև ով-ով, բայց ինքը լավ է հասկանում, թե ինչ աղետներ է բերել պետության ու ժողովրդի գլխին։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment