Քանի որ գրեթե բոլոր կուսակցություններն իրենց A4 չափսի պաստառների համար տրամադրված վայրերում փակցնում էին A3 կամ A2 չափի պաստառներ, «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Արամ Քոչարյանը անցկացրեց A4 ձևաչափի լայնածավալ դասընթաց:
«Ցավոք սրտի, A4-ի դասընթացները նորմալ չաշխատեցին, հիմա եկել ենք այստեղ, որ անենք A4-ի վերջնական ու համապարփակ դասընթաց: Հուսով ենք, որ բոլոր քաղաքական ուժերը կհասկանան A4-ի չափը, եւ թե ինչու է պետք հենց A4 կպցնել»,-ասաց Արամ Քոչարյանը:
Նա «Բոլորին դեմ եմ»-ի խորհրդանիշ Սպայդերմենների հետ Վաղարշյան 15 շենքի պատին ամրացված վահանակին փակցրեց բոլոր ուժերի պաստառները A4 չափով: Նիկոլ Փաշինյանինը ամենամեծն էր:
«Նիկոլ Փաշինյանի պաստառն ինձ հասավ, բայց ոչինչ, բոլորինը պետք է նույն խաղի կանոններով լինի»,-ասաց Քոչարյանը ու նրա պաստառը դարձրեց A4-ի չափսի:
«Բոլորին դեմ եմ»-ի անդամը նշեց՝ բոլոր կուսակցություններին ցույց են տալիս, որ եթե խաղի կանոնները պահեին, եւ իրենց պատկերացրած գլուխների չափով պաստառներ չփակցնեին, բոլորն էլ կտեղավորվեին վահանակների վրա:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: