Իրազեկում. ընտրություններին առնչվող գործարքների համար անհրաժեշտ է առցանց այց ամրագրել
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ մինչև ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մայիսի 26-ը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կենդանի հերթով ծառայություններ չեն մատուցվի։
«Օնլայն հերթագրումով սպասարկումը շարունակվում է բնականոն հունով։ Հերթերի կառավարման այս կարգավորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընտրություններին առնչվող գործարքների պահանջարկի աճի բերումով կենդանի հերթերի կուտակումը ավելացել է, մարդիկ առավել երկար են ստիպված լինում սպասել, հետևաբար խնդրում ենք առաջիկա օրերին նախապես առցանց այց ամրագրել։
Հիշեցնում ենք, որ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն։ Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն նաև մայիսի 23-ին և 24-ին՝ շաբաթ և կիրակի օրերին»,- ասվում է հաղորդագրությունում։