Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամական պետության»

Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամական պետության» և զգուշացրել, որ Անկարան «մեծ գին կվճարի», եթե պատերազմ սկսի Իսրայելի հետ, հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով իսրայելական Srugim լրատվական գործակալությանը, փոխանցում է Turkish Minute-ը։

Զոհարն այս հայտարարությունն արել է Global Sumud Flotilla նավատորմի՝ Գազա ուղևորվող օգնության առաքելության վերաբերյալ քննարկման ժամանակ, որը մեկնել էր Թուրքիայից և ավելի ուշ միջազգային ջրերում կանգնեցվել իսրայելական ուժերի կողմից։

«Մենք պետք է սկսենք Թուրքիային վերաբերվել որպես թշնամի պետության։ Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմի ուղին, անկասկած շատ ծանր գին կվճարի։ Իսրայելը գիտի՝ ինչպես պաշտպանվել և ինչպես վնասել նրանց, ովքեր վնասում են իրեն»,- ասել է նա։

Պաշտոնյան նաև պնդել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ բանակ կստեղծի Իսրայելը նվաճելու համար։

«Կային իրանցիներ, որոնք նույն բանն էին մտածում, և տեսեք, թե որտեղ են նրանք հիմա։ Եթե թուրքերը նույն բանը մտածեն, նրանք շատ ավելի վատ վիճակում կհայտնվեն»,- հայտարարել է Զոհարը։

Այս մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը խլել են մարդասիրական աջակցության նավատորմի նավերը, որոնք փորձում էին մարտահրավեր նետել Իսրայելի կողմից Գազայի ծովային շրջափակմանը և օգնություն հասցնել անկլավին: Իսրայելական ուժերը երեքշաբթի բարձրացել են նավատորմի վերջին նավակների վրա՝ առաքելությունը Թուրքիայից մեկնելուց հետո։ Նավատորմի կազմակերպիչները հայտնել են, որ գործողության ընթացքում իսրայելական ուժերը կրակ են բացել հինգ նավակի վրա։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է աջակցության խափանումը՝ այն անվանելով «ծովահենության ակտ» և ասելով, որ Իսրայելը խախտել է մարդասիրական սկզբունքներն ու միջազգային իրավունքը՝ թիրախավորելով Գազա օգնություն հասցնելու համար կազմակերպված առաքելությունը։

Ճգնաժամը սրվել է այն բանից հետո, երբ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հրապարակել է տեսանյութեր, որոնցում երևում էին ձերբակալված նավատորմի մասնակիցները՝ ձեռքերը մեջքի հետևում կապված: Մի տեսանյութում ակտիվիստները ծնկի էին իջել՝ գլուխները հատակին, իսկ Բեն-Գվիրը քայլում էր նրանց շարքերով։

Եվրահանձնաժողովը ձերբակալված ակտիվիստների նկատմամբ վերաբերմունքն անվանել է «լիովին անընդունելի» և հայտարարել, որ բոլոր ձերբակալվածների հետ պետք է վարվել անվտանգության և արժանապատվության պայմաններում՝ համաձայն միջազգային իրավունքի։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բեն-Գվիրի վարքագիծը ձերբակալված ակտիվիստների նկատմամբ «բացահայտորեն աշխարհին ցույց է տվել Իսրայելի կառավարության բռնի և բարբարոսական մտածելակերպը»։

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը, որն այժմ ընդդիմադիր գործիչ է, փետրվարին հայտարարել էր, որ Թուրքիան «հաջորդ Իրանն է», մինչ իսրայելցի մեկնաբաններն Անկարային ավելի ու ավելի հաճախ են ներկայացնում որպես Իսրայելի հնարավոր տարածաշրջանային մրցակից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment