Հունական Կրետե կղզու կենտրոն Խանիայի դատարանը լրտեսության մեջ մեղադրվող Ադրբեջանի 26-ամյա քաղաքացուն դատապարտել է 7 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հունական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրյալ Հ.Ջ.-ն Խանիա է ժամանել 2025 թվականի հունիսի 18-ին և վարձակալել հյուրանոցային համար՝ նավահանգստի և Սուդայի ծոցի ռազմածովային բազայի տեսարանով, որտեղ մնացել է մոտ մեկ ամիս։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա խուսափել է ճանապարհորդելուց և իր սենյակից դուրս է եկել միայն անհրաժեշտության դեպքում։ Հյուրանոցի համարում հայտնաբերված փաստաթղթերը ցույց են տալիս, որ նա Հունաստան է ժամանել Վարշավայով՝ SKY Express չվերթով հունվարի 6-ին: Գրառումները նաև ցույց են տալիս, որ հունվարի 7-ին նա լուսանկարչական սարքավորումներ է գնել Աթենքում, այդ թվում՝ Nikon տեսախցիկ, եռոտանի և USB կրիչներ: Քննիչները կարծում են, որ իշխանությունները, հավանաբար, վեց ամիս տեղյակ չեն եղել երկրում նրա գտնվելու մասին:
Իրավապահ մարմինները պարզել են, որ Հ.Ջ.-ն համակարգված կերպով հսկել և լուսանկարել է բազան։ Ձերբակալությունից հետո նրա սենյակում հայտնաբերվել են տեսախցիկ, բջջային հեռախոս և հիշողության քարտ։ Նա ավելի քան 5,000 լուսանկար է արել Սուդայի նավահանգստի մուտքն ու ելքը արձանագրող։
Ձերբակալվածի համակարգչում հայտնաբերվել է հատուկ կոդավորման ծրագիր, որը նա, ենթադրաբար, օգտագործել է հավաքված նյութերը փոխանցելու համար։
Անանուն մնալու պայմանով մի պաշտոնյա ասել է, որ կասկածյալի iPhone 14 Pro-ի վերլուծությունը բացահայտել է նրա կապերը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Կրետեում գտնվող հայրենակիցների հետ։ Այս անձանցից մի քանիսն օտարերկրյա հետախուզական տվյալների բազաներում նշված են որպես Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ենթադրյալ հանցակիցներ։
Նշվում է, որ կասկածյալներն օգտագործել են նույն կոդավորման ծրագիրը՝ Encryptor-ը՝ ֆայլերը իրենց համակարգողներին փոխանցելու համար: Այս ձերբակալությունները գրավել են աշխարհի հատուկ ծառայություների ուշադրությունը, քանի որ Հունաստանը շարունակում է ցանցի գործունեության և ԻՀՊԿ-ի հետ դրա կապերի վերաբերյալ հետաքննությունը։
Այս օբյեկտը, որը ՆԱՏՕ-ի կողմից պաշտոնապես անվանվել է «Սուդայի ծոցի ռազմածովային աջակցության կենտրոն» և ավելի հաճախ անվանում են Հունաստանի Սուդայի ռազմածովային բազա, Հունաստանի ռազմածովային ուժերի երկրորդ ամենամեծ բազան է և ՆԱՏՕ-ի ամենամեծ և ամենակարևոր օբյեկտը Միջերկրական ծովի արևելքում: Այնտեղ է գտնվում նաև Հարավային Եվրոպայի և Միջերկրական ծովի միակ խորջրյա նավահանգիստը, որը կարող է տեղավորել և սպասարկել ամենամեծ ավիակիրները։
Ըստ protothema.gr-ի՝ հունական իշխանությունները նաև հետաքննում են այս գործի և Կիպրոսում Ադրբեջանի քաղաքացու նմանատիպ ձերբակալության միջև հնարավոր կապը, որը մեղադրվել է լրտեսության մեջ՝ հիմնվելով իսրայելական Մոսադի տեղեկատվության վրա: Կիպրոսի լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ կասկածյալը երկար ժամանակ հետևել է Ակրոտիրիի ավիաբազայի գործունեությանը, որտեղ տեղակայված են Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի